ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել է, որ այսօր Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի քննարկման առանցքում երկու փաստաթուղթ է եղել: Առաջինը Հայաստանին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրների ղեկավարների որոշումն է:
«Այն ընդհանուր առմամբ պատրաստ է, համաձայնեցված, որոշված է Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը, սակայն մի շարք առումներով փաստաթուղթը լրամշակելու կարիք կա»,- նշել է Զասը՝ հավելելով, որ հանձնարարվել է այն լրամշակել և ներկայացնել երկրների ղեկավարների ստորագրմանը:
Քննարկված մյուս փաստաթուղթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրն է, որը նույնպես համաձայնեցվել է, սակայն, այսօր կայացած քննարկման արդյունքում, որոշվել է մի քանի խմբագրում անել: Զասի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ են հնչել, ինչին պետք է նորմալ վերաբերվել: