ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի ժամանակ Ստանիսլավ Զասը ներկայացրել է օրակարգը, որով առաջարկվում է հանդիպման ընթացքում քննարկել հետևյալ հարցերը.
«ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանների ռազմաքաղաքական իրավիճակը և կազմակերպության գործունեությունը: Այնուհետև ձեզ կտեղեկացնեմ փաստաթղթերի պատրաստության մասին: Մենք ունենք 24 փաստաթուղթ, որոնք պատրաստվել, հաստատվել և ներկայացվում են ձեր ուշադրությանը: Սպասվում է, որ քննարկումից հետո ձեր համաձայնությամբ 24 փաստաթուղթը կստորագրվի:
Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ դրանք անցել են մեր կազմակերպության պահանջած ընթացակարգերը։ Եվ նույնիսկ երեկ որոշ փաստաթղթեր լրամշակվել են»,- ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն իր ելույթի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։
«Համատեղ ժողովի հարգելի մասնակիցներ, հաշվի առնելով Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականները, մյուս կանոնադրական մարմինների թույլտվությունը, Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ներկայացնում ենք ՀԱՊԿ անդամ պետությունների միասնության ամրապնդման, բոլոր ուղղություններով կազմակերպության գործունեության հետագա ակտիվացման նախագիծը։
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս միջազգային իրավիճակի զարգացման բացասական միտումները դրսևորվում են առանձնակի սրությամբ, մեր ջանքերն առանձնահատուկ կարևորություն են ստանում:
Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության և մյուս մասնակիցների ջանքերը՝ ուղղված խաղաղության համաձայնագրերի ձեռքբերմանը, սահմանների օրինականացմանն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Միաժամանակ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է: ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով մեզ հասած տեղեկատվությունը հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։
Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է Հայաստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին Հավաքական անվտանգության խորհրդի նախագիծը, որը պատրաստվել է ՀԱՊԿ դիտորդական առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա»,- հավելել է Զասը։