Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ասել է, որ ԼՂ կարգավորման սուր խնդիրների համապարփակ լուծմանն ուղղված ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում։
«Մեր հետագա ուշադրությունն են պահանջում, և ես համաձայն եմ գործընկերների հետ, որոնք արդեն խոսել են այս մասին, նաև հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերին առնչվող հարցերը: Անշուշտ դրանք սուր հարցեր են»,- ասել է Պուտինը նեղ կազմով հանդիպման ժամանակ:
Նա հավելել է, որ հոկտեմբերի վերջին Սոչիում կայացած եռակողմ բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերում ապագա փոխզիջումների համար»։
«Կարևոր է, որ համատեղ հայտարարությամբ ամրագրվել է հավատարմությունը բարձր մակարդակում ավելի վաղ՝ 2020 և 2021 թթ. ձեռք բերված համաձայնություններին, ինչպես նաև ընդգծվել է փոխգործակցության մեր համատեղ ձևաչափի հանգուցային կարևորությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում»,- նշել է Կրեմլի ղեկավարը:
«Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո թույլ կտա հասնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ իր թվարկած հարցերին արդեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում, և դրանց անդրադարձ կարվի երևանյան հանդիպման շրջանակում: