ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրներին հակիրճ իրազեկել, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը` հավելելով, որ ռազմական գործողությունները հաջող ավարտ են ունենալու:
Պեսկովը համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը պահանջված է և անհրաժեշտ, նաև նշել` Հայաստանն, անշուշտ, շարունակում է մնալ ՀԱՊԿ կազմում` չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր հարցերում է հաջողվել համաձայնության հասնել:
ՌԴ նախագահի խոսնակը շեշտել է` Ռուսաստանը շարունակում է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում և կշարունակի աջակցել գործընթացին:
«Ոչ ոք չի փորձում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ-որ ամսաթվի հարմարեցնել, կարևոր է, որ այն ստորագրվի: Կարևոր է, որ երկրները պայմանավորվածություն ձեռք բերեն խաղաղության պայմանագրի վերաբերյալ. բոլորը պետք է դրա համար առավելագույն ջանքեր ներդնեն` չմրցակցելով միմյանց հետ»,- ասել է նա: