Արմանը 44-օրյա պատերազմից վերադարձել է վիրավորում ստացած: Հետո ապաքինվել և ընդունվել է Թերլեմեզյանի անվան պետական քոլեջ:
Իմանալով, որ պետությունը 2016 և 2020 թվականների պատերազմական գործողությունների մասնակիցներին ուսուցում և աշխատանք տրամադրելու ծրագիր ունի, դիմել է Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի կենտրոն՝ աշխատանք գտնելու հույսով:
Նարինե Ասատրյան (Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրեր բաժնի պետ) - Արմանը ցանկություն հայտնեց աշխատել այստեղ, կապվեցինք գործատուի հետ, պատրաստակամություն հայտնեց ընդունել աշխատանքի:
Արմանի աշխատանքային հասցեն Էջմիածնում գործող հյուրանոցներից մեկն է: Փորձաշրջանն անցնելուց հետո ընդունվել է որպես ադմինիստրատոր: Աշխատանքային գրաֆիկը թույլ է տալիս ուսումը չընդհատել:
Արման Հովհաննիսյան (ծրագրի շահառու) - Հյուրերին եմ դիմավորում, սենյակներն եմ առաջարկում: Ինձ շատ լավ եմ զգում, սա այն է, ինչ ուզում էի: Միշտ երազել եմ նման աշխատանք ունենալ, որ համատեղեմ ուսմանս հետ, ուսմանս վարձը ինքնուրույն հասցնեմ:
Ծրագիրը 3 բաղադրիչ ունի՝ մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձառություն, միանվագ փոխհատուցում գործատուին: Առաջին բաղադրիչով շահառուին հնարավորություն է տրվում մասնագիտություն ստանալ, որը, ի դեպ, կարող է ձեռք բերել հենց գործատուի մոտ:
Արմանի դեպքում այդպես էլ եղել է: Հյուրանոցի ղեկավարությունը նախ՝ կրթել է, մասնագիտական հմտություններ փոխանցել, հետո միայն պայմանագիր կնքել: Գործատուի գնահատմամբ՝ ծրագիրը շահավետ է երկու կողմի համար էլ:
Հայկ Հովհաննիսյան (Հյուրանոցի տնօրեն) - Նախ՝ օգնում են գործատուին նախնական ծախսերի համար և հետո, ինձ պետք էր աշխատող, և լավ է, որ նման երիտասարդներ կան: Արմանի հետ կնքել ենք մեկ տարվա պայմանագիր:
Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի կենտրոնում աշխատանքներ են տարվում պատերազմին մասնակցած ևս 6 հոգու զբաղվածության հարցը լուծելու համար: Հանդիպումներ են կազմակերպում պոտենցիալ գործատուների հետ, բացատրում ծրագրի և տղաներին աշխատանքով ապահովելու կարևորությունը:
Աղավնի Շաղոյան (Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնի ավագ մասնագետ) - Ակնկալում ենք նաև գործատուների աջակցությունը, որ օգնեն տղաներին իրենց տեղը գտնել կյանքում:
Տղաները, սոցծառայության աշխատակիցների խոսքով, հիմնականում պահնորդի աշխատանք են փնտրում, բայց օդանավակայանն ու հյուրանոցը ևս նախընտրելի ոլորտներ են:
Արմանն առաջիններից է, որ արագ յուրացրեց հյուրանոցային գործի նրբություններն ու ծրագրի շնորհիվ գտավ սրտի ուզած աշխատանքը: