Թունիսի Ջեբրա քաղաքն է, որը նոյեմբերի 19-20-ը հյուրընկալել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովը: Ավելի քան 30 երկրի ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հագեցած օրակարգ՝ «Թվային տեխնոլոգիան որպես զարգացման վեկտոր» խորագրից մինչև աշխարհաքաղաքական թեմաներ:
Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը փոխանցել է Թունիսին: «Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովից չորս տարի է անցել, որը Հայաստանն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները»՝ նկատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ համոզվում ենք, որ Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսը արդիական է։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը։ Ադրբեջանի գործադրած ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանը այս տարվա սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։ Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային։ Հաստատված զինադադարը դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:
Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։
Նիկոլ Փաշինյանը նաև շեշտել է, որ Հայաստանը, իր հերթին, հանձնառու է նպաստելու Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Երևանի բարձրացրած մտահոգությունները արտացոլում գտան նոյեմբերի 20-ին՝ գագաթնաժողովի արդյունքում ընդունված «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևում, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն էին հայտնում Հայաստանին։
Բանաձևում արձանագրված է ֆրանկոֆոն երկրների մտահոգությունը՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։ Կոչ է արվում կողմերին՝ աշխատել խաղաղ և տևական կարգավորման ուղղությամբ։ Փաստաթուղթն ընդգծում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը, հորդորում լիովին իրականացնել 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին։
Մենք մեր մտահոգությունն են հայտնում չլլուծված հումանիտար խնդիրների առնչությամբ, մասնավորապես, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը նաև մտահոգություն է հայտնում տարածաշրջանում մշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը բանաձևում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին համապարփակ անդրադարձի համար:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Կարևոր է, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Սակայն ցանկանում եմ անդրադառնալ նաև Ալբանիայի պատվիրակության դիմումին՝ վերաբացելու Հայաստանին վերաբերող պարբերությունների քննարկումը, ինչին Հայաստանի պատվիրակությունը համաձայն չէ։ Մենք համարում ենք ոչ արդյունավետ նոր քննարկումների վերսկսումը, որոնք կարող են հանգեցնել միայն փակուղու:
Բանաձևի մշակման գործընթացը, սակայն, հարթ չի անցել: Նախարարական համաժողովում որոշ երկրներ փորձել են խափանել բանաձևի հայանպաստ ձևակերպումներով տեքստի ընդունումը։
Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար) - Որոշ երկրներ նախարարական համաժողովի ժամանակ փորձ արեցին արդեն իսկ պատրաստ բանաձև փոփոխություններ մտցնել, մասնավորապես, Ալբանիան Ռումինիայի և Մոլդովայի աջակցությամբ առաջարկեց հանել այն ձևակերպումները, որոնք մեզ համար նպաստավոր էին, բայց հայկական պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի գլխավորությամբ, կարողացավ կանխարգելել այս նախաձեռնությունը՝ Ադրբեջանից ազդված, և բանաձևն ընդունվեց այն տեսքով, որով ներկայացվել էր համաժողովին, և կիրակի վերջնական հաստատվեց գագաթնաժողովի կողմից:
Թեմայի քննարկումը, սակայն շարունակվեց գագաթնաժողովից հետո: Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է, թե իբր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում հաջողվել է կանխել, իր ձևակերպմամբ, հակաադրբեջանական սադրանքը:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, որին մենք չենք անդամակցում, տեղի է ունեցել հակաադրբեջանական հերթական սադրանքը: Դրա հեղինակը Ֆրանսիան է, որն այժմ հովանավորում է Հայաստանին: Սակայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում մեր ընկերների ջանքերով հակաադրբեջանական բոլոր թեզերը հանվել են բանաձևից։ Սա ապացուցում է, որ մեր անունը միջազգային կազմակերպություններում հաշվի են առնում:
Ալիևի այս կեղծ պնդմանը, սակայն, հակասում է անգամ Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հայտարարությունը: Դիվանագիտական գերատեսչությունը դատապարտել է բանաձևի ընդունումն ու մտահոգություն հայտնել փաստաթղթի վերջնական տարբերակում առկա ձևակերպումների կապակցությամբ, որոնք կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ: «Ֆրանսիան օգտագործում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը որպես քաղաքական գործիք՝ այլ պետությունների վրա ճնշում գործադրելու համար։ Այս պայմաններում ընդունվելիք փաստաթղթերը մենք համարում ենք կողմնակալ և անլուրջ»,- ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանի մտահոգությունները զարմանալի չեն. միջազգային ամենակարևոր հարթակներից մեկում դատապարտվեց Բաքվի ագրեսիվ քաղաքականությունն ու հնչեց միջազգային միջազգային հանրության դիրքորոշումը՝ ՀՀ տարածքային ամբողջականության հարգման և ԼՂ խաղաղ, բանակցային և արդարացի լուծում գտնելու վերաբերյալ՝ շեշտում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը:
Վահան Հունանյան - Ջերբայի հռչակագրում, նաև երկրորդ կետում, Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները իրենց համերաշխությունն են հայտնում Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց Հայաստանը առնչվում է:
Բանաձևում, ամենակարևորը, համերաշխություն է հայտնվում և աջակցություն Հայաստանին, մասնավորապես, այնտեղ տեղ են գտել այն կետերը, որ պետք է խնդիրները լուծվեն խաղաղ և բանակցային ճանապարհով, կոչ է արվում ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի եռակողմ հայտարարությունը և խաղաղ և արդարացի լուծում գտնել ԼՂ համար:
Հունանյանն ընդգծում է՝ թե՛ բանաձևը, թե՛ հռչակագիրը անչափ կարևոր են և արտահայտում են միջազգային հանրության դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության հարգման վերաբերյալ: