«ՃԱՆԿ-ՍՈՒՐ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է 184 ԶԻՆՅԱԼ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՆ
Նոյեմբերի 20-21-ը Թուրքիան «Ճանկ-սուր» անվանումը կրող ռազմական գործողության ընթացքում սպանվել է 184 զինյալ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ գործողությունները ներառել են օդային հարձակումներ: Հուլուսի Աքարի խոսքով՝ Անկարայի գործողությունները պատասխանն են օրեր առաջ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունին, որի հետևանքով 6 մարդ էր զոհվել: Լրատվամիջոցները գրում են, որ թուրքական ինքնաթիռները վերսկսել են հարվածները Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում:
ՄՈՍԿՎԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼ
Մոսկվան կոչ է արել Անկարային զսպվածություն դրսևորել և թույլ չտալ, որ լարվածությունը սրվի: Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ պետք է շարունակել աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և պետք է փորձ արվի խաղաղ լուծում գտնել «քրդական հարցին»։ Նա նշել է, որ Թուրքիան նախապես չի տեղեկացրել Ռուսաստանի Դաշնությանը Սիրիայում և Իրաքում օդային գործողության մասին, հարցը կքննարկվի Աստանայում Սիրիայի հարցով հանդիպման ժամանակ։ «Մենք հույս ունենք համոզել մեր թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքում ավելորդ ուժ կիրառելուց»,- ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։
ԱՄՆ-Ը ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԵԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Սիրիայի հյուսիսում և Իրաքում՝ Թուրքիայի ռազմական գործողությունների ֆոնին ԱՄՆ-ը Սիրիայում դեէսկալացիայի կոչ է արել: Միացյալ Նահանգներն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը դեմ է Իրաքում ցանկացած չհամակարգված ռազմական գործողությանը, որը խախտում է Իրաքի ինքնիշխանությունը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՎ-ՈՒՄ
ՈՒկրաինայի նախագահը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում։ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել պահպանել սկզբունքային դիրքորոշում Ռուսաստանին հակազդելու հարցում։ Նրա խոսքով Ռուսաստանը էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումները որպես զենք է օգտագործում միլիոնավոր մարդկանց դեմ. «սա համարժեք է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը»՝ հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Զելենսկին կոչ է արել հետևել Լիտվայի, Լատվիայի, էստոնաիայի, Լեհաստանի և Չեխիայի խորհրդարանների օրինակին և ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն: Իր ելությում նա անդրադարձել է նաև Եվրամիության կողմի պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու անհրաժեշտությանը:
Մադրիդի խորհրդաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք Է ուժեղացնի ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ ընդունելի հաշտության հասնելու համար: «Յուրաքանչյուր հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում Է բանակցությունների սեղանի շուրջ, բայց մենք ցանկանում ենք խաղաղություն, որն ընդունելի կլինի Ուկրաինայի համար, իսկ դա ուղղակիորեն կախված Է մարտի դաշտում հաջողություններից»՝ հայտարարել է Ստոլտենբերգը:
ՌԴ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ Է. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահը արևմտյան երկրներին մեղադրել է պարենի համաշխարհային շուկայում անհավասարակշռություն առաջացնելու համար: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարողանում է բավարարել իր կարիքները և շարունակում է օգնել այն երկրներին, որոնք պարենի պակաս ունեն արևմտյան որոշ երկրների, Պուտինի բնորոշմամբ՝ արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության պատճառով: Կրեմլի առաջնորդը հավելել է, որ Ռուսաստանի պարենային անվտանգությունը բարձր մակարդակի վրա է: