Ճապոնիայի ժողովրդից՝ Հայաստանին. մեր երկրին Ճապոնիայի կառավարության նվիրած շտապբուժօգնության նոր մեքենաները հանձնվում են շահագործման:
Արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանոթացել մեքենաների հնարավորություններին: Շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրով: Երկու երկրների միջև առողջապահության ոլորտում գործակցության դինամիկ աճ կա՝ իր ելույթում ընդգծեց առողջապահության նախարարը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Շտապօգնության նոր լրակազմերը համալրելու են Երևան քաղաքի շտապօգնության ծառայությունը, մենք ունենալու ենք մեկ միասնական ֆորմատին, ստանդարտին համապատասխանող լրակազմ: Սրանք ժամանակակից, վերջին սերնդի սարքավորումներով համալրված բժշկական օգնություն ցուցաբերելու մեքենաներ են: Վստահ ենք, որ բժշկական օգնության որակը միանշանակ պիտի բարձրանա:
Գերատեսչությունը, սակայն, շեշտը չի դնում միայն ենթակառուցվածքների զարգացման վրա՝ շարունակեց նախարարը, կարևորվում են նաև բուժանձնակազմի պատրաստվածությունը, ինչը ապահովվում է անընդհատ անցկացվող վերապատրաստումներով: Հայաստանում Ճապոնիայի դեսպանն էլ իր խոսքում ընդգծեց, որ բժշկական ծառայության բարելավումը տրամադրվող աջակցության առաջնահերթություններից է:
Մասանորի Ֆուկուշիմա (Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Հայաստանը վերջին 2 տարիների ընթացքում բախվել է մի շարք մարտահրավերների, և ես լիահույս եմ, որ այս շտապօգնության մեքենաները էապես կնպաստեն Հայաստանում բժշկական սպասարկման և արագ արձագանքման մակարդակի բարձրացմանը որպես մեր երկրների միջև բարեկամության խորհրդանիշ՝ դրանով իսկ փրկելով շատ մարդկանց կյանքեր:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Նախկին շարժակազմը, որն արդիական վիճակում է գտնվում, շատ թարմ վիճակում է գտնվում, ՀՀ-ում շարունակելու է շահագործվել, և այս գործընթացը՝ արդիականացման, շարունակական գործընթաց է:
Բժիշկներն իրենք էլ հաստատում են՝ մեքենայում կա ամեն ինչ քաղաքացիներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու և հիվանդանոց հասցնելու համար: Առանձնացնում են մի քանիսի կարևորությունը:
Հարություն Հարությունյան (շտապօգնության բրիգադի բժիշկ) - Ունենք դեֆիբրիլյատոր, որն ավտոմատացված է, այսինքն՝ հեշտացված, պարզեցված է օգտագործումը: Երբ բացում ես ապարատը, այն միանում է և տալիս է հրահանգներ: Գործիքն օգտագործվում է ֆիբրիլյացիայի ժամանակ, որը սրտի ռիթմի ծանր խանգարում է, այսինքն՝ եթե տվյալ պահին չկատարվի սիրտթոքային վերակենդանացում և փորոքների դեֆիբրյուլյացիա, դրան կհաջորդի սրտի կանգ:
Մեքենաներում կա նաև թթվածնի երկու տարա, կարդիոմոնիտոր և տասնյակ այլ սարքավորումներ ու դեղորայք: Նոր սերնդի` ընդհանուր 39 մեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 3,7 մլն դոլար է: