ՆԱՏՕ-ի սպառազինության պաշարները սպառվում են, սակայն դաշինքի երկրները պատրաստ են անել հնարավորը, որ Ուկրաինային օգնության հոսքը ոչ միայն չնվազի, այլև մեծանա՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի մշտական պատվիրակության ղեկավար Եգոր Չերնևը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չէր պատրաստվում նման լայնածավալ ու ինտենսիվ պատերազմի, ուստի սպառազինության պաշարն իսկապես սպառվում է: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի երկրները վերանայում են ամբողջ զենքի ու զինամթերքի պաշարները՝ պահեստներում մնացած զենքերն Ուկրաինային փոխանցելու համար:
«Արևմուտքի երկրներում Ուկրաինային սպառազինության և զինամթերքի մատակարարման վերաբերյալ զրուցել ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: ՆԱՏՕ-ն բանակցություններ է վարում աշխարհի խոշորագույն զենք արտադրողների հետ երկարաժամկետ պայմանագրերի շուրջ։ Արտադրված զենքի մի մասը կուղղվի այն երկրների զինանոցների համալրմանը, որոնք սպառել են իրենց պաշարներն Ուկրաինային օգնելուց հետո, մի մասն անմիջապես կփոխանցվի մեզ»,- նշել է Չերնևը:
Նա վստահություն է հայտնել, որ ռեսուրսների պատերազմում և սպառազինությունների մրցավազքում Ուկրաինան անպայման կհաղթի Ռուսաստանին: