Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կանանց համընդհանուր ապագան՝ ժամանակակից աշխարհում» խորագրով 10-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է կոնֆերանսի կարևորությանը՝ նշելով, որ այդօրինակ նախաձեռնությունները կնպաստեն առկա հիմնախնդիրների լուծմանը: «Ժողովրդավարության կայացման ճանապարհին կանանց դերն անուրանալի է, կանայք բնությամբ խաղաղասեր են ու դիվանագիտական գործընթացներում նրանց ջանքերը, որ ներդնում են՝ առավել դյուրին է ստացվում, կարծում եմ կանանց ներգրավումը տալիս է հավելյալ երաշխիքներ։
Կոնֆերանսը շատ կարևոր հիմնահարցեր է բարձրացնում, ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի 1325 բանաձևի իրականացման առումով վերջին տարիներին հստակ մեխանիզմներ է մշակել, լիահույս եմ, որ այստեղ արձանագրված կարևոր շեշտադրումները հնարավորություն կունենանք հստակեցնելու և համատեղ աշխատանքով, միաբանությամբ գնալու խնդիրների լուծման ճանապարհով»,- ասել է նա։
Կոնֆերանսը նվիրված է եղել ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» № 1325 բանաձևի իրականացմանը:
Այս տարի որպես կոնֆերանսի հայեցակարգային հիմք ընտրվել է Օլոֆ Պալմեի հիմնադրամի գլխավորած միջազգային հանձնաժողովի կողմից հրապարակված «Մեր համատեղ ապագայի համար 2022 թ. անվտանգության համընդհանուր զեկույցը» առանցքային փաստաթուղթը։