ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՀԱՐՎԱԾՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ
«Արդեն մի քանի օր է` մենք հարվածում ենք ահաբեկիչներին մեր ինքնաթիռներով, թնդանոթներով ու անօդաչուներով»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը հույս է հայտնել, որ կկարողանան հնարավորինս շուտ արմատախիլ անել զինյալներին` Թուրքիայի կողքին կանգնած դաշնակիցների հետ միասին։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 20-21-ին «Ճանկ-սուր» անվանումը կրող ռազմական գործողության ընթացքում սպանվել է 184 զինյալ: Հուլուսի Աքարի խոսքով՝ Անկարայի գործողությունները պատասխանն են օրեր առաջ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի, որի հետևանքով 6 մարդ էր զոհվել:
Լրատվամիջոցները գրում են, որ թուրքական ինքնաթիռները վերսկսել են հարվածները Սիրիայի հյուսիսային որոշ շրջաններում:
ՊԵՍԿՈՎՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումը, թե ռուսական կողմը չի կատարել 2019 թ. պայմանավորվածությամբ սիրիական շրջանները քրդական կազմավորումներից ազատելու պարտավորությունները:
«Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ որոշակի առանձնահատկություններ կան Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում և այն մասով, թե ում պարտավորությունները չեն կատարվել Սոչիի հուշագրով։ Այդ առանձնահատկությունները, երբեմն նույնիսկ տարաձայնությունները, բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից»,- նշել է Կրեմլի խոսնակը:
Նրա խոսքով՝ Անկարայի հետ հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը թույլ է տալիս բաց և կառուցողական քննարկել այդ տարաձայնությունները։
«Մենք ըմբռնումով և հարգանքով ենք վերաբերվում Թուրքիայի մտահոգություններին՝ կապված սեփական անվտանգության ապահովման հետ։ Մենք կարծում ենք, որ դա Թուրքիայի օրինական իրավունքն է»,- ասել է Պեսկովը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՎ-ՈՒՄ
Ուկրաինայի նախագահը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանում։ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել պահպանել սկզբունքային դիրքորոշումը Ռուսաստանին հակազդելու հարցում։ Նրա խոսքով` Ռուսաստանը էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումները որպես զենք է օգտագործում միլիոնավոր մարդկանց դեմ:
«Սա համարժեք է զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը»,- հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի մասնակիցներին Զելենսկին կոչ է արել հետևել Լիտվայի, Լատվիայի, էստոնիայի, Լեհաստանի և Չեխիայի խորհրդարանների օրինակին և ճանաչել Ռուսաստանը որպես ահաբեկչությունը հովանավորող պետություն:
Իր ելույթում նա անդրադարձել է նաև Եվրամիության կողմից պատժամիջոցների նոր փաթեթ սահմանելու անհրաժեշտությանը:
Մադրիդի խորհրդաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի ռազմական օգնությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ ընդունելի հաշտության հասնելու համար:
«Յուրաքանչյուր հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, բայց մենք ցանկանում ենք խաղաղություն, որն ընդունելի կլինի Ուկրաինայի համար, իսկ դա ուղղակիորեն կախված է մարտի դաշտում հաջողություններից»,- հայտարարել է Ստոլտենբերգը: