Երևանում այսուհետև չի թույլատրվի հարսանիքների, կնունքների, ծնունդների կամ մասնավոր այլ միջոցառումների ժամանակ հրավառություն անել: Ավագանու նիստում ընդունված որոշմամբ սահմանվում է՝ հրավառություն կարող է լինել միայն Հանրապետության և Ազատության հրապարակներում՝ տոնական օրերին՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով: Բացառիկ դեպքերում նշված վայրերից դուրս և ոչ տոնական օրերին հրավառություն անելու թույլտվություն կարող է տալ Երևանի քաղաքապետը: Դրա համար հստակ չափորոշիչներ չկան:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Պետք է հասկանալ միջոցառման մասշտաբը: Արդյոք այդ միջոցառումը համարժեք է այն միջոցառումներին, որոնք մենք կիրականացնեինք Նոր տարուն: Տարվա մեջ մի քանի միջոցառում կարող է լինել՝ 1, 2, 3, ոչ ավելի: Չեմպիոնատ, միջազգային, Ֆրանկոֆոնիա, «Սթարմուս»:
Կարգը խախտելով հրավառություն անողների համար տուգանքը 300 հազարից 2 մլն դրամ է: Ավագանու անդամներին հետաքրքրեց՝ վերահսկողության ինչ լրացուցիչ մեխանիզմներ կան, որովհետև հիմա էլ հրավառությունների ժամային սահմանափակումներ կան, բայց քիչ չեն դեպքերը, երբ արգելքն անտեսվում է: Ավինյանը պատասխանեց՝ խնդրին համալիր լուծում է տրվում: Ավագանու որոշումից բացի, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է սահմանափակել հրավառ նյութերի ներմուծումը: Դա կարող են անել միայն լիցենզավորված կազմակերպությունները, որոնք էլ իրավունք կունենան այդ նյութերը օգտագործել միայն նշված դեպքերում:
139,5 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ
Ավագանու մեկ այլ որոշմամբ մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և քաղաքային լուսավորության համար հատկացվեց ավելի քան 139.5 մլն դրամ:
Քաղաքապետը տեղեկացրեց՝ մետրոպոլիտենի գրունտային ջրերը հեռացնելու համար դրենաժային թունելի երկարացման աշխատանքները ավարտվել են: Առաջացել է բետոնացման և հակակոռոզիոն միջոցառումների անհրաժեշտություն, որոնք պետք է ավարտվեն եկող տարվա ամռանը:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Անհրաժեշտություն է առաջանում, որ օդափոխության համակարգերը փոխվեն: Դրանք մետրոյի ստեղծումից ի վեր չեն փոխվել, մեծ մասը չէր աշխատում, և բավականին մեծ խոնավություն կար:
ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՉԶԵԿՈՒՑՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ
Երկար քննարկվեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի առաջարկած նախագիծը, որի վերաբերյալ անհամաձայնություն ունեին ավագանու մի քանի անդամներ: Գործող կարգով՝ ավագանու նիստում բոլոր նախագծերը զեկուցվում են: Նիստն էլ տևում է մի քանի ժամ: Առաջարկվում էր որոշ հարցեր քվեարկել չզեկուցվող ընթացակարգով՝ աշխատանքն արդյունավետ դարձնելու հիմնավորմամբ: Այդ նախագծերը կընտրի քաղաքապետը, ավագանին էլ կարող է ընդունել կամ չընդունել: Կարծիքներ հնչեցին, թե այսպիսով իշխանությունը կխախտի թափանցիկ աշխատելու խոստումը, թե ապագա ավագանուն վտանգավոր գործիք կտան, թե չկան անկարևոր հարցեր, որոնք պետք է առանց զեկուցելու ընդունել, թե չպետք է զլանալ ամիսը մեկ անգամ հավաքվելով մի քանի ժամ տրամադրել հարցերի քննարկմանը: Նախագծի կողմնակիցները հիմնավորում էին՝ հարցերը չզեկուցվող դարձնելու պարտադրանք չի լինելու, բոլոր նախագծերը ամեն դեպքում հրապարակվելու են քաղաքապետարանի կայքում, այսպես թե այնպես հիմա էլ որոշ նախագծեր ընդունվում են առանց քննարկման ու միաձայն:
Տիգրան Ավինյան - Աստված մի արասցե, վաղը ինչ-որ մի նոր իշխանություն է ձևավորվում, որ ուզում է հրապարակային, այո՛, մութ ուժերը ետ են գալիս, և ուզում է հրապարակային քննարկումներից զերծ մնա, և ինչ-որ բաներ կոծկի չզեկուցվող հարցերով, ընդդիմությունը միշտ հնարավորություն ունի այդ հարցը բարձրաձայնելու և նույնիսկ ավելի մեծ աղմուկ բարձրացնելու հարցի վերաբերյալ:
Ավագանու շրջանում դժգոհություններով հանդերձ՝ նախագիծն ընդունվեց՝ 30 կողմ, 15 դեմ, 8 ձեռնպահ ձայներով:
Ավագանու որոշումներից մեկով էլ Վիլնյուսի փողոցում անավարտ բնակելի տունն ու դրա զբաղեցրած հողատարածքը սեփականության իրավունքով տրամադրվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Գասպարյանի ընտանիքին: Էրիկ Գասպարյանը պատերազմի ընթացքում ստացել է ծանր վիրավորում, ունի 1-ին խմբի հաշմանդամություն և անկողնային վիճակում է:
Հեղինակ` Աննա Զախարյան