Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Նիդերլանդների կենդանաբանական այգու մասնագիտական գծով տնօրեն, Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայիում Երևանի կենդանաբանական այգու խորհրդատու Ջոսե Կոկի հանդիպման ժամանակ:
Ներկայացնելով հանգստի գոտում իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնված բարեկարգման ծրագրերը համալիր բնույթ են կրում:
Մասնավորապես, լուծվել են այգու ոռոգման և խմելու ջրի, լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այգին համալրվել է նոր կենդանատեսակներով, տարածքը կանաչապատվում է: Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոսե Կոկի այցն իր հերթին կնպաստի մասնագիտական նոր լուծումներ կիրառելու գործին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիդերլանդների կենդանաբանական այգու մասնագիտական գծով տնօրեն, ԵԱԶԱ-ում ԵԿԱ խորհրդատու Ջոսե Կոկը նշել է, որ իր համար անչափ կարևոր է իր այցը Երևան և մասնակցել կենդանաբանական այգու զարգացման գործին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները՝ նա նկատել է, որ նախանշվող ծրագրերը հնարավորություն կտան արդյունավետ կառավարում իրականացնելու և այգին ավելի հյուրընկալ ու հարմարավետ դարձնելու առումով:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի կենդանաբանական այգու՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամությանը: