Ստեղծագործական եռուզեռին փոխարինել է շինարարական աղմուկը: Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցը, որն այս շենքում գործում է 1970 թվականից: Կես դարից ավելի՝ երբևէ չէր հիմնանորոգվել, միայն մասնակի նորոգումներ են արվել: Աշխատանքը մեկնարկել է նոյեմբերի սկզբին:
Աշոտ Վանեսյան (աշխղեկ) - Տանիքն արդեն վթարված վիճակում էր, ծածկը, բետոնե հեծանները վթարված էին, քանդել ենք դրանք, նոր սկսել ենք կապել կաղապարը, որպեսզի բետոնացնենք էդ աշխատանքները: Շինությունը թուլացել է պատերով, հիմքերով, դրա համար ուժեղացվում է և՛ դրսից, և՛ ներսից:
Ուսումնական գործընթացը չի խաթարվել: Դպրոցի 360-ից ավելի սաների համար քաղաքի ավագ դպրոցում հարմարեցված տարածք է տրամադրվել, ապահով վայր են տեղափոխվել դպրոցի հարուստ ցուցասրահը և գույքը, իսկ ժամանակավոր անհարմարություններից չեն դժգոհում․
Հրեղեն Գասպարյան (Դիլիջանի Հ.Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի տնօրեն) - Երեխաների հաճախելիությունը չի խանգարվել, նույն ձևով, նույն ուսումնական գործընթացը շարունակվում է բոլոր վայրերում, բոլոր մասնագիտական ուղղություններում: Ունենք մասնաճյուղեր Թեղուտ և Հաղարծին գյուղերում, որտեղ մեր ուսուցիչները հաճախում են: Մեծ ուրախությամբ սպասում ենք լավ, բարվոք պայմաններում աշխատանքին:
Քաղաքում այս տարի իրականացվող 4 սուբվենցիոն ծրագրից 2-ը ներառում է 2 մշակութային օջախ՝ մանկական գեղարվեստի դպրոցը և մշակույթի պալատը: Ծրագրի ընդհանուր արժեքի 60 տոկոսը համայնքի ներդրումն է․
Վարդան Գրիգորյան (Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ) - 2 շենքն էլ շատ վատթար վիճակում էին, բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթանում են: Մոտ 825 մլն 822 հազարը համայնքի մասնաբաժինն է, մշակույթի տան և գեղարվեստի դպրոցի համար ունենք նաև համաֆինանսավորող՝ «Յու-Էն-Դի-Փի»-ն՝ մոտ 17 մլն դրամ: Շենքերը պահպանելու են իրենց նախնական տեսքը:
Վստահ են, որ քաղաքի մշակույթի առանցքային այս 2 օջախի հիմնանորոգումը նոր ազդակ կլինի մշակութային կյանքի աշխուժացմանը:
Հեղինակ՝ Գայանե Թամամյան