Ամենաշատ գյուղատնտեսական ապահովագրական պայմանագրեր կնքած ընկերությունում արդեն ամփոփել են այս տարվա փոխհատուցումների թվերը: Քարտեզի վրա ներկայացվող պատկերը վկայում է՝ տարին ոչ բարենպաստ էր ծիրանի բերքի համար: Միայն Արմավիրում, Արարատում և Արագածոտնում ծիրանենու ցրտահարության դիմաց ավելի շատ հատուցել են, քան գումար հավաքել: Նույնիսկ ունեն տնտեսվարող, որին ավելի քան 54 միլիոն դրամի փոխհատուցում են տվել: Ցորենի ցանքատարածքներում տարին բարենպաստ է եղել: Ֆերմերների առաջարկով այս տարի ապահովագրական վճարների սահմանաչափերը բարձրացրին:
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ) - Շուրջ վեց սահմանաչափ է դիտարկվել, որը հնարավորություն է տալիս, որպեսզի նրանք ավելի բարձր ապահովագրավճարով պայմանագիր կնքեին, որ հետագայում, Աստված մի արասցե, տարերային աղետների դեպքում ավելի շատ փոխհատուցում ստանային:
Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանում իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրման փորձնական ծրագիր, և տարեցտարի ապահովագրվող հեկտարներն ավելանում են՝ ասում է էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման վարչության պետը: 2022-ին կնքվել է 5091 պայմանագիր՝ 6400 հեկտարի համար: Բացի դրանից՝ երեք տարի իրենց բիզնեսը մշտապես ապահովագրողները նախընտրում են բարձր ապահովագրավճարներով ապահովագրությունը, առավել ևս որ պիլոտային փուլում պետությունը ևս սուբսիդավորում է ապահովագրավճարները:
Իռա Փանոսյան - Նույնիսկ եթե մենք ապահովագրավճարն ենք հաշվում ու տված փոխհատուցումները, ապա կարող ենք ասել, որ 860 միլիոնի ապահովագրավճար է գեներացվել, ֆերմերներին տրամադրվել է շուրջ 1.3 միլիարդի փոխհատուցում:
Հայաստանում ապահովագրական ընկերություններին աջակցել է նաև շվեյցարական վերաապահովագրող SWS RE ընկերությունը, այլապես ապահովագրական ընկերությունների ռիսկը մեծ կլիներ: Ապահովագրության փորձնական ծրագիրը կշարունակվի նաև 2023-ին. նոր փոփոխությունների մասին դեռ կհայտարարեն: