Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոր քրեակատարողական հիմնարկի հայեցակարգի և դրա լուծումների մշակման աշխատանքային խումբը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրերի ղեկավար Ամալյա Վուքերթի գլխավորած պատվիրակությանը։
Սարգսյանը փաստել է, որ IRZ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության և աջակցության շնորհիվ է նաև, որ այսօր նոր քրեակատարողական հիմնարկ ունենալու գաղափարը մտել է իրականացման փուլ։
Փոխնախարարը տեղեկացրել է, որ քրեակատարողական ենթակառուցվածքների ստեղծման ոլորտում մասնագիտացված, գերմանացի փորձագետներ Թոմաս Մյուլլերի և Հայկո Օբերլեի տրամադրած խորհրդատվության հաշվառմամբ մշակվել են հիմնարկի եռաչափ պատկերը և նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը։
IRZ ծրագրերի ղեկավար Ամալյա Վուքերթն իր հերթին նշել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցության տրամադրումը նոր ուղղություն է IRZ-ի համար։ Նկատի ունենալով համագործակցության դրական արդյունքները՝ Վուքերթը պատրաստակամություն է հայտնել շարունակել համատեղ քայլերի ձեռնարկումը միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական հիմնարկ ունենալու հարցում։
Հանդիպման շրջանակներում կողմերը համատեղ դիտարկել են մշակված լուծումները և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակել համագործակցությունը նաև նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման փուլում։