Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա ռազմավարական ծրագրերից է Արյան կենտրոնական բանկի ստեղծումը: Արյան նոր կայանը զինված է լինելու ժամանակակից լաբորատոր ու բժշկական սարքավորումներով: Այն կկառուցվի Կառավարության և Ջինիշյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ՝ մոտ 1.4 մլն դոլարով:
Արյունաբանական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ շինարարության մրցույթը կայացել է: Դանիելյանը հուսով է՝ աշխատանքները կսկսվեն այս տարի, կավարտվեն մինչև 2024-ը: Հին մասնաշենքը կքանդվի, կկառուցվի նորը:
Սամվել Դանիելյան (Արյունաբանական կենտրոնի տնօրեն) - Հիմա ստանում ենք զրոյից նոր արյան բանկը, որը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի՝ սանիտարահիգիենիկ պայմաններից սկսած մինչև գործիքավորում ու կադրերի վերապատրաստում: Կունենանք ժամանակակից արյան բանկ, որը ժամանակակից մոտեցում ցույց կտա:
Նոր ծառայությամբ կստեղծվի կառավարման ընդհանուր կենտրոն: Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզային կայանները կապիտալ կնորոգվեն:
Արյունաբանական կենտրոնի մասնագետները շեշտում են՝ արյան ժամանակակից բանկի ստեղծման անհրաժեշտությունը զգացվեց հատկապես պատերազմի ժամանակ: Խոստովանում են՝ ծանր այդ փորձությունն իրենց համար քննություն էր: Զինվորին արյուն հասցնող կամավորներն այնքան շատ էին, որ տարածքը չէր բավականացնում:
Սամվել Դանիելյան - Բայց չտուժեց որևէ հիվանդ, զինվոր, որևէ վիրավոր, որ արյան պակասի պատճառով լիներ, մենք լավ դիմացանք այդ փորձությանը:
Քառահարկ կենտրոնը կունենա նկուղային հարկ՝ ապահովված անվտանգային միջոցներով: Սամվել Դանիելյանը կարևորում է մասնագետների կատարելագործման ծրագրերը: Մայիսին Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի՝ կենտրոն այցից հետո հայ մասնագետներից մեկն այժմ վերապատրաստվում է Լիտվայի արյան բանկում: Հայաստանն էլ իր հերթին պատրաստ է իր փորձը փոխանցել Լիտվայի գործընկերներին: Մասնագետները հիշեցնում են՝ կենտրոնը միշտ հագեցած է արյան պաշարով, բայց նաև միշտ կա դոնորների կարիք, քանի որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում աստիճանաբար ավելանում է արյան պահանջարկը:
Անդրանիկ Շամիլյան (Արյունաբանական կենտրոնի արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ) - Իմացեք, որ արյուն միշտ պետք է, հիվանդներ կան միշտ, վիրահատություններ կան, հիվանդներ կան, որ մշտապես արյան կարիք ունեն:
Արյունաբանական կենտրոնի տնօրենը կրկին վկայակոչում է լիտվական փորձը. դոնորների 100 տոկոսը կամավոր են: Ըստ նրա՝ Հայաստանը ևս ունի անվճար դոնորության հավակնոտ ծրագիր: