ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կդիտարկի Իրանի դեմ գործողությունների բոլոր տարբերակները, որպեսզի թույլ չտա, որ Թեհրանը միջուկային լիցք ստանա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրան խնդրել են մեկնաբանել իրանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս՝ օգտագործելով IR-6 ցենտրիֆուգների կասկադը:
«Անկասկած, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը այն մասով, որ թույլ չենք տա Իրանին հասնել միջուկային զենքի ստեղծման»,- հավելել է Քիրբին։