ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի գործողության ֆոնին ընդգծում է Սիրիայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հանդես է գալիս Իրաքում անկաշկանդ ռազմական գործողությունների դեմ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգներն անկեղծ ցավակցություն է հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում թուլացնել լարվածությունը Սիրիայում՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և ընդհանուր նպատակին՝ Իսլամական պետության ջախջախմանը աջակցելու համար։ Մենք շարունակում ենք հանդես գալ Իրաքում ցանկացած չհամաձայնեցված ռազմական գործողության դեմ, որոնք խախտում են այդ երկրի ինքնիշխանությունը»,- ընդգծել է դիվանագետը։
Ավելի վաղ Թուրքիան հայտնել էր Սիրիայում և Իրաքում օդային գործողություն իրականացնելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդմամբ՝ գործողության պատճառն այն է, որ Ռուսաստանը հրաժարվել է կատարել Թուրքիայի հետ սահմանը քրդական կազմավորումներից մաքրելու խոստումը։