Ռուսաստանցիների վերջին շրջանի` տարբեր երկրներ ներհոսքից ամենաշատը Հայաստանն է շահել: Այդ պետությունների տնտեսությանը նվիրված Renaissance Capital ներդրումային ընկերության զեկույցին «Ֆորբս» ամսագրի ռուսական հանդեսն է անդրադարձել: Ընկերության վերլուծաբանները Հայաստանի ՀՆԱ-ի աճն այս տարի կանխատեսում են մինչև 14 տոկոս՝ տարեսկզբի 5-ի փոխարեն: Նշվում է, որ ռուսաստանցիների ներհոսքի արդյունքում ՏՏ ոլորտը Հայաստանում դարձավ ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Ըստ զեկույցի` չնայած ոլորտը Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում մեծ չէ, սակայն պետությունը նպաստում է ՏՏ բիզնեսի տեղայնացմանը: Բացի այդ, ներհոսքն օգնել է Հայաստանի սպասարկման ոլորտին՝ հյուրանոց, ռեստորան, առևտուր. այստեղ մինչև 30% աճ է գրանցվել:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Մի բան ակնհայտ է, որ մենք չունենք շարունակաբար աճող մարդկանց ներհոսք, և էդ հոսքը այս պահին կանգնել է, և այս տարվա արդյունքներում մենք ընդամենը զգում ենք կայացած ներհոսքի պայմանները: Հաջորդ տարվա տնտեսական զարգացումները, բնականաբար` բազային էֆեկտով, այս տարվա հետ պետք է արդեն համեմատենք, և եթե նոր ներհոսք չլինի, ապա, ըստ էության, նաև կկտրվի այդ աճը գեներացնող հիմնական ազդեցությունը:
Renaissance Capital-ի փորձագետները կանխատեսել են, որ Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների շրջանում Հայաստանն այս տարի կարձանագրի ամենամեծ տնտեսական աճը. մի քանի պատճառ է նշվում՝ երկիրն ունի շահեկան աշխարհաքաղաքական դիրք, տնտեսությունը փոքր է, իսկ իշխանությունը ջանքեր է գործադրում, որ ժամանողները մնան։ Ըստ ընկերության մասնագետների՝ երկնիշ տնտեսական աճը, ամեն դեպքում, մեկանգամյա երևույթ է, և հաջորդ տարի այն 5-7 տոկոսի սահմանում կլինի:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ) - Աճը, որպես այդպիսին` մեկանգամյա, մենք չենք կարող ասել, նախ` մենք չգիտենք, թե պատերազմի ազդեցությունը որքան կտևի, այսինքն` հաջորդ տարի ինչ ընթացք կունենա, և այդ ռելոկանտների հոսքը ինչ կլինի կամ նույն տրանսֆերտների հետ կապված: Փաստացի նաև այդ աճը նպաստում է նրան, որպեսզի տնտեսությունն իր մեջ որոշակի ներուժ կուտակի, և այդ ներուժը իներցիոն եղանակով ապահովի նաև հաջորդ տարի տնտեսական աճի դրական դինամիկա:
Զեկույցում նաև նշվում է հայկական դրամի ամրապնդման և Վրաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Մոլդովայի համեմատ ցածր գնաճի մասին: Այսպիսի հրապարակումները, ըստ փորձագետների, դրական են մեր երկրի համար:
Հայկ Բեջանյան - Որովհետև այդ դրական ազդեցությունների հիման վրա է ձևավորվում երկրի շուրջ ներդրումային մթնոլորտը, և այդ ներդրումային մթնոլորտն էլ իր հերթին հնարավոր է բերի կապիտալ հոսքերի:
Կարեն Սարգսյան - Սա նաև դրական ազդակ է հանդիսանում պոտենցիալ ներդրողների, պոտենցիալ նաև տնտեսվարողների շրջանում ՀՀ-ն դիտարկել որպես թիրախային ներդրումային, այսպես ասած, շուկա, որովհետև այդտեղ նաև եզրահանգումներ կան, որ Հայաստանը իրոք իր տարածքային բարենպաստ դիրքով, նաև տեղում իր ոչ թանկ աշխատուժի և ազատ աշխատուժի առկայությամբ, այսինքն` դեռևս չգործարկված, նաև արտադրական հզորությունների, այս պարագայում ունի ներուժ զարգանալու:
Կառույցի փորձագետներն ընդգծել են՝ Հայաստանի Կառավարությունը ռուսաստանցիների ներհոսքից ստացված հավելյալ ֆինանսական արդյունքը խելամիտ է ծախսել՝ ուղղելով բյուջեի դեֆիցիտի և արտաքին պարտքի կրճատմանը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան