Այսօր անցկացվել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղը տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը, նաև ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Սպասվում է, որ կքննարկվեն հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրությունը և կազմակերպության գործունեությունը:
Նախատեսվում է ընդունել ՀԱՊԿ պետությունների արտգործնախարարների հայտարարությունը՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ամրապնդման հարցերով:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։
Մեր օրակարգում է մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական գործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և, իհարկե, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ:
Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում, առաջարկում եմ սկսել աշխատանքը: