ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին և գրասենյակի այլ պաշտոնյաներ:
Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱԶԲ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում:
Նախարարը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման ուղղությամբ ԱԶԲ-ի հետ ակտիվ փոխգործակցության ապահովումը:
Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ընդլայնումը հնարավորություն կտան բացահայտելու այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է դիտարկվել ԱԶԲ նոր պրոդուկտների և ֆինանսավորման գործիքների կիրառումը:
Եվգենի Ժուկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ Ասիական զարգացման բանկը մշտապես ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2024-2028 թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթություններին: