Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ չեն մասնակցում Sky Shield համաեվրոպական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծմանը, քանի որ դա երկիրը մի քանի տարով հետ կգցի զինված ուժերի տեսանկյունից, հայտնում է РИА Новости-ն:
Գերմանիայի նախաձեռնությամբ հոկտեմբերին 15 եվրոպական պետությունները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրել են համաեվրոպական հակաօդային պաշտպանության համակարգ (Sky Shield) ստեղծելու մասին արձանագրությունը։ Լրատվամիջոցների տվյալով՝ Գերմանիայից բացի նախաձեռնությանը միացել են Բելգիան, Բրիտանիան, Սլովակիան, Նորվեգիան, Լիտվան, Հունգարիան, Բուլղարիան, Չեխիան, Ֆինլանդիան, Լատվիան, Նիդերլանդները, Ռումինիան, Էստոնիան և Սլովենիան։
«Սա նախաձեռնություն է, որի նպատակն է հետազոտություն կատարել Եվրոպայի համար հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի կառուցման հնարավորության վերաբերյալ: Ներկա փուլում Լեհաստանի զինված ուժերը կարիք չունեն մասնակցելու այս տիպի նախաձեռնություններին` ելնելով այն հանգամանքից, որ երկրում ընթանում է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգի կառուցման գործընթացը: Պետք է նշել նաև, որ այս նախագծին մասնակցող երկրները հակաօդային պաշտպանության ոլորտում աննշան հնարավորություններ ունեն»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ: