ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՄԱՅՐԵՐԻ ՏՈՆԸ
Հյուսիսային Կորեայում մեծ շուքով նշել են Մայրության տոնը: Մայրաքաղաք Փհենյանի բնակիչները ծաղիկներ են գնել իրենց մայրերի համար և լուսանկարվել տոնի կապակցությամբ:
Պակ Կյոնգ Գուկ (Փհենյանի բնակիչ) - Այսօր մայրերի օրն է և մայրիկիս ծննդյան 60-ամյակը: Իմ ընտանիքը եկել է այստեղ ընտանեկան լուսանկար անելու, որպեսզի ուրախացնեմ մորս:
Սակայն պարզվում է, որ մայրերի տոնին ոչ բոլորն են ծաղիկներ գնում իրենց մայրերի համար:
Հան Ուն Բյոլի (Փհենյանի բնակիչ) - Ես ծաղկեփունջ եմ պատրաստել, որպեսզի նվիրեմ մեր մենեջերին, որը մոր պես է վերաբերվում իր աշխատողներին: Սակայն վստահ չեմ, որ մեր մենեջերը կուրախանա այս ծաղկեփունջը ստանալիս:
Մայրության տոնը Հյուսիսային Կորեայում նշում են 2012 թվականից ի վեր:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ՝ ԼՈՆԴՈՆԻ ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ՝
Լոնդոնի Թագավորական բուսաբանական այգում՝ Kew Gardens-ում, Սուրբծննդյան տոնին ընդառաջ մեկնարկել է լույսերի փառատոնը:
Ավելի քան մեկ միլիոն լույսերը վառվում են 2.7 կմ երկարությամբ արահետի վրա: Kew Gardens-ի միջոցառումների ղեկավար Դեյր Բասրայի համար այս տարվա շոուն խորհրդանշում է վերադարձը նորմալ կյանքին: Երկու տարվա COVID-19-ի սահմանափակումներից հետո, որոնք էապես ազդել են նախորդ շոուների վրա, մարդիկ վերջապես կարող են նորից ներկա լինել լույսերի փառատոնին:
Դեյր Բասրա (Kew Gardens-ի միջոցառումների ղեկավար) - Այս տարի լրանում է մեր հիմնադրման 10-ամյակը: Շատ ոգևորված ենք, որ կարողացել ենք բոլորովին նոր շոու ներկայացնել: 22 զարմանահրաշ գեղարվեստական ինստալացիա ունենք:
Այգում կարելի է հանդիպել անիմացիոն պրոյեկցիաների, լույսերից պատրաստված տոնածառի, նաև ականատես լինել տպավորիչ շոուի, որը լույսերի, ջրի և հրատեխնիկայի աշխատանքի հրաշալի համադրություն է:
Հաշվի առնելով այս տարվա էներգետիկ ճգնաժամը Եվրոպայում, որը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող հայտնի իրադարձություններով, Բասրայի խոսքով, այս տարի Kew Gardens-ը 40 տոկոսով ավելի քիչ էներգիա է օգտագործել՝ կենսադիզելային վառելիքի, և ԼԵԴ լույսերի օգտագործման շնորհիվ:
ԹՈՒՆԻՍ
«ՀՐԱՇՔՆԵՐԻ ՖԵՐՄԱՆ»` ԹՈՒՆԻՍԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
Տասներեք տարի առաջ Մոհամեդ Սուայահը տեղափոխվել է Թունիսի Ալ-Հաուարիա քաղաք՝ թողնելով իր աշխատանքը տուրիստական գործակալությունում, որպեսզի սկսի գյուղատնտեսության հետ կապված իր երազանքի իրագործումը:
Նա ստեղծել է «Հրաշքների ֆերման», որտեղ պահում է դեկորատիվ թռչուններ և հազվագյուտ կենդանիներ, որոնք սովորաբար չեն հանդիպում Թունիսում, նաև աճեցնում է արևադարձային բույսերի տարբեր տեսակներ:
Սա, ըստ Սուայահի, գյուղատնտեսության նոր և ժամանակակից տարբերակ է, որը չես հանդիպի Թունիսում կամ Հյուսիսային Աֆրիկայի մեկ այլ երկրում:
Մոհամեդ Սուայահ («Հրաշքների ֆերմայի» սեփականատերը) - Ես այստեղ հավաքել եմ տարբեր կենդանիների ու բույսեր, որոնք մեկ վայրում հաստատ չեք գտնի: Օրինակ՝ այստեղ կան բադերի տեսակներ, դրանցից մեկը նույնիսկ սև ձու է ածում: Ունենք ավստրալական ջայլամներ, փասիաններ, աղավնիների տարբեր տեսակներ: Ամբողջ աշխարհից ավելի քան 35 տեսակի հավ է ապրում մեզ մոտ, նույնիսկ աշխարհի ամենաթանկ հավը՝ այամ սիմանին, որից պատրաստված ճաշատեսակն ԱՄՆ-ում 1500 դոլար արժե:
Սուայահը ժամանակին դատարկ մի հողատարածք է գնել, որտեղ ոչինչ չի եղել իր երազանքի իրականացման համար: Նա զրոյից կարողացել է ստեղծել այս հրաշք ֆերման: Գործարարը պարբերաբար հազվագյուտ կենդանիների միջազգային ցուցահանդեսների է մասնակցում, որոշ թռչուններ կամ դրանց ձվերից է գնում, որպեսզի փորձի դրանց բազմացնել իր ֆերմայում:
ԱՄԷ
ՍՐՃԱՐԱՆ՝ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՆԱՊԱՏՈՒՄ
Դուբայի եռուզեռից դուրս հաճախորդները հավաքվում են բացօթյա սրճարանում, որը բացվել է անապատի սրտում, երբ Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկել է ձմեռային սեզոնը:
Դուբայ-Շարժա սահմանին գտնվող One Degree Winter անվամբ սրճարանը, որը թարգմանաբար նշանակում է «Մեկ աստիճանի ձմեռ», իր հյուրերին առաջարկում է բնական հանգիստ, որտեղ նրանք կարող են վայելել իրենց խմիչքը, կերակուրը և զվարճանքները՝ գեղեցիկ ու ձյունաճերմակ ավազաթմբերի ֆոնին:
Վիվիեն Վալթներ (Դուբայի բնակչուհի) - Դու քաղաքից դուրս ես, անապատում ես, սակայն սառը խմիչք կամ սուրճ վայելելու հնարավորություն ունես։ Սա Դուբայից շատ հեռու չէ, և այո, ես կարծում եմ, որ այստեղ մթնոլորտը շատ լավն է: Հաճելի ժամանցն ապահովված է:
Սրճարանի սեփականատերը վստահեցնում է՝ հոգ են տարել, որ այստեղ ոչ ոք չձանձրանա. ավանդական հանդերձանքով պարեր, կրակի շոուներ: Սրճարանը նախատեսված է նաև ընտանեկան հանգստի համար: Այստեղ երեխաների համար նույնպես կան կերակրատեսակներ և ժամանցի ձևեր:
Ձմեռային անապատում սրճարանը բացվել է երեք տարի առաջ և արդեն հասցրել է մեծ ժողովրդականություն վայելել: Մարդիկ այստեղ կտրվում են քաղաքային աղմուկից, հանգիստ, խաղաղ պայմաններում վայելում են իրենց հանգիստը, ազատվում բացասական էներգիայից:
ԳԵՐՄԱՆԻԱ
ՔՅՈԼՆՈՒՄ ԵՌՈՒՄ Է ԿԱՌՆԱՎԱԼԱՅԻՆ ՍԵԶՈՆԸ
Կառնավալների ուրախ այցելուները դարձյալ հեղեղել են Գերմանիայի Քյոլն քաղաքի փողոցները: Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ երկու տարի Քյոլնի հայտնի կառնավալը չէր անցկացվել:
Հազարավոր մարդիկ, որոնք համոզված են, թե տոնակատարությունների լավավագույն վայրը հենց Քյոլնն է, հավաքվել են հին քաղաքի հրապարակում՝ Հոյմարկտում:
Ջուլիա Ներինգ (կառնավալի այցելու) - Ես ավելի քան 20 տարի գալիս եմ այստեղ: Կառնավալին մասնակցելը միշտ հաճելի է: Իսկ այս տարի վերադարձել է մեր կառնավալը: Հիանալի զգացողություն է:
Շատերը նույնիսկ Քյոլնի կառնավալների ժամանակ են գտել իրենց կյանքի ապագա ընկերներին: Ուստի այդ ամուսինների համար Քյոլնի կառնավալը նաև անձնական տոն է: Ահա թե ինչու անհամբերությամբ էին սպասում դրա վերադարձին:
Կառնավալը նշվում է Գերմանիայի արևմուտքում և հարավում՝ հիմնականում կաթոլիկներով բնակեցված վայրերում, ավանդական բալլադներով և փողային նվագախմբերով, նաև խնջույքներով, որոնց ժամանակ մարդիկ ավանդական զգեստներ են կրում, խմիչք և ուտելիք վայելում, երգում ու պարում:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ԼՈՆԴՈՆԻ BATTERSEA ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ ՍԱՀԱԴԱՇՏ Է ԲԱՑՎԵԼ
Լոնդոնի Battersea էլեկտրակայանում սահադաշտ և 109 մ բարձրությամբ դիտահարթակ է բացվել: Սահադաշտը ստացել է Glide անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «սահել»: Այն բաղկացած է երեք փոխկապակցված սահադաշտերից, որոնց կենտրոնական մասում ինը մետր բարձրությամբ տոնածառ է տեղադրված:
Սահադաշտի այցելուները նաև կարող են օգտվել այս վայրում վերջերս բացված ատրակցիոններից: Հատկապես տոնական օրերին սա ժամանցի հրաշալի վայր կարող է դառնալ ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար:
Դեն Ֆիլմեր (սահադաշտի տնօրեն) - Սա Լոնդոնի ամենանոր ձմեռային տեսարժան վայրն է: Մենք չափազանց ոգևորված ենք, որ կարողացել ենք այստեղ հիմնել Գլայդը: Սա ամբողջովին նոր սահադաշտ է՝ Լոնդոնի միակ գետափնյա սահադաշտը: Եթե նայեք ֆոնին, կհասկանաք, թե ինչու ենք հենց այս վայրում որոշել պատրաստել սահադաշտը:
Ցուցադրվել է նաև Lift 109 կոչվող ապակե վերելակը, որն այցելուներին տանում է դեպի էլեկտրակայարանի ծխնելույզի գագաթը: Այնտեղ 360 աստիճանով տեսարան է բացվում դեպի Լոնդոնի երկինք և, իհարկե, դեպի քաղաք:
1930-ականների էլեկտրակայանը ժամանակին մատակարարում էր Լոնդոնի էլեկտրաէներգիայի մեկ հինգերորդը, այդ թվում՝ Բուքինգհեմյան պալատը և խորհրդարանն էր ապահովում էլեկտրաէներգիայով, բայց ավելի հայտնի է նրանով, որ 1977 թվականին Փինք Ֆլոյդի Animals ալբոմի շապիկին լողացող փչովի խոզի կողքին է պատկերված։
Այս էլեկտրակայանի վերակառուցման համար 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ է պահանջվել: Ծրագիրը հնարավոր է եղել կյանքի կոչել մալայզիացի ներդրողների շնորհիվ:
ԱՄՆ
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԲՐՈԴՎԵՅԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ
«Օպերայի ուրվականը», «Առյուծ արքան», «Չարը». եթե Նյու Յորքում դիտել եք այս շոուներից գոնե մեկը, հաստատ ձեր մտքով անցել է, թե «ինչո՞ւ չկա Բրոդվեյի թանգարան»:
Վերջապես Նյու Յորքում կբացվի Բրոդվեյի թանգարան, որտեղ կցուցադրվի ինչպես Բրոդվեյան շոուների պատմությունը, այնպես էլ՝ դրանց ստեղծումը:
Դայան Նիկոլետի (Բրոդվեյի թանգարանի համահիմնադիր) - Այս թանգարանի ստեղծման համար մեզանից հինգ տարի պահանջվեց: Մենք ունենք քարտեզի սենյակ, որը պատմում է այն մասին, թե ինչպես է ստեղծվել թատերական թաղամասը: Այն իրականում եղել է ֆինանսական թաղամասում և տեղափոխվել է հյուսիս՝ ներկայիս Թայմս Սքվեր:
Թանգարանի տարբեր սրահներն այցելուներին անցյալից տեղափոխում են ներկա, իսկ հետո՝ ապագա: Բրոդվեյի թանգարանում նաև մի տեսակ հաշվետվության նման կգրանցվեն այն բոլոր աշխատանքները, որոնք տվյալ տարում կկատարվեն Բրոդվեյում:
Մշտական ցուցանմուշներից բացի, կազմակերպիչները նախատեսում են անցկացնել հատուկ միջոցառումներ, որոնք կլուսաբանեն Բրոդվեյի կյանքը:
ԻՏԱԼԻԱ
ՍՊԻՏԱԿ ՏՐՅՈՒՖԵԼՆԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ 184 ՀԱԶԱՐ ԵՎՐՈՅՈՎ
Իտալիայի 13-րդ դարի հիասքանչ Գրինզան Կավուր կոչվող ամրոցում կայացած աճուրդում 950 գրամ կշռող իտալական սպիտակ տրյուֆելների խմբաքանակը վաճառվել է 184 հազար եվրոյով։
Սա ամենամյա միջոցառում է: Օրինակ՝ անցած տարի 830 գրամանոց տրյուֆելը վաճառվել էր 103 հազար եվրոյով:
Այս տարի թանկարժեք արմատ-բանջարեղենը բաժին է հասել հոնկոնգցի մի գործարարի: Աճուրդը միաժամանակ տեղի է ունեցել Հոնկոնգում, Սինգապուրում, Սեուլում, Վիեննայում և Դոհայում ապրող գործարարների համար:
Իտալական Պիեմոնտի հյուսիսարևմտյան շրջանը հայտնի է որպես Իտալիայի տրյուֆելների կենտրոն: Դրանք աճում են Իտալիայի և ընդհանրապես կենտրոնական Եվրոպայի միայն մի քանի շրջանում:
Իրենց յուրահատուկ համով և բույրով տրյուֆելները գտնվում են գետնի տակ՝ 5-20 սմ խորությամբ, ծառերի արմատների հարևանությամբ, իսկ գոլորշիանալիս ինքնատիպ բույր են արձակում, որը տևում է սահմանափակ ժամանակ և հնարավոր է միայն հայտնաբերել լավ վարժեցված շների և փորձառու մասնագետների օգնությամբ, որոնց նույնպես որսորդներ են անվանում:
Պատմական Alba White Truffle Fair-ը կամ Ալբա սպիտակ տրյուֆելի տոնավաճառը ամեն տարի գրավում է շուրջ 100,000 այցելուի՝ ամբողջ աշխարհից: Նրանք գալիս են Պիեմոնտի փոքրիկ քաղաք՝ գնելու, վաճառելու և հոտոտելու թանկարժեք սպիտակ տրյուֆելը, որը, ի տարբերություն սև տրյուֆելների, որոնք կարելի է աճեցնել տնկարկներում, աճում է միայն բնական ճանապարհով՝ անտառներում։