Հսկող դատախազի որոշմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի նկատմամբ. նրան մեղադրանք է ներկայացվել՝ բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար:
Արման Նշանյան (ՀՀ ԳԴ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - Երևանում գործող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենը հանդիսացող Սերգեյ Կարապետյանը 2017-ի հունիսին տեղեկություններ է ստացել աշխատակիցներից, որ ընկերության հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը հաճախորդներից առձեռն որոշակի գումարներ է ստացել և չի մուտքագրել դրամարկղ: Այդ մասին տեղյակ է պահել «Յանս» ռեստորանային համալիրի փաստացի սեփականատեր Վաչագան Ղազարյանին և կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին:
Տեղեկանալով ընկերության հաշվապահի գործողությունների մասին՝ Վաչագան Ղազարյանն ու նրա կինը, Արման Նշանյանի խոսքով, որոշել են ընձեռված առիթն օգտագործել՝ բռնություն գործադրելու սպառնալիքով Արիստակեսյանից հափշտակել խոշոր չափի՝ 40 մլն դրամ:
Արման Նշանյան - Հանցավոր մտադրությունը իրագործելու նպատակով, սկսած 2017-ի հունիսից, Վաչագան Ղազարյանը վերջիններիս հետ միասին պարբերաբար բացահայտ, իսկ որոշ դեպքերում՝ քողարկված բռնություն սպառնալիքներ են հնչեցրել Սուսաննա Արիստակեսյանի և վերջինիս մերձավոր ազգականի, մասնավորապես, նրա անչափահաս որդու նկատմամբ: Սուսաննա Արիստակեսյանը, հաշվի առնելով հանգամանքը, որ Վաչագան Ղազարյանը և մյուսները սպառնալիքից բացի հիշատակել են նաև նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը, սպառնալիքները ընկալել է իրական:
Ըստ դատախազության՝ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ: Արիստակեսյանը հարկադրված գրավադրել է ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումար, Երևանում վաճառել բնակարանը և նրանց փոխանցել պահանջված 40 մլն դրամը: Քրեական հետապնդում է հարուցվել և մեղադրանք ներկայացվել նաև Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ: Երեք մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Արման Նշանյան - Վաչագան Ղազարյանը Հայաստանում է: Ներկայացել է քննչական մարմիններ, որտեղ համապատասխան հոդվածով նրան ներկայացվել է մեղադրանք:
Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ չի ցանկանում «Լուրերին» մեկնաբանություն տալ: Նշենք, որ 2018-ից Վաչագան Ղազարյանն անցնում էր մի քանի քրեական գործով: ՀՔԾ-ում քննված երկու գործից մեկը կարճվել է՝ վնասն ամբողջությամբ վերականգնելու հիմքով, մյուսով Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով: Այս գործով ևս վնասը վերականգնվել է:
Բացի այդ, հակակոռուպցիոն դատարանում է Ղազարյանին և փոխկապակցված անձանց պատկանող ենթադրյալ ապօրինի գույքի գործը: Հոկտեմբերի 26-ին սկսված դատաքննությունը շարունակվում է:
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել Վաչագան Ղազարյանին պատկանող ավելի քան 8 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույքը՝ 15 անշարժ գույք Երևանում, 6-ը՝ Ստեփանակերտում, 1-ը՝ Արմավիրի մարզում, 1 հանգստյան գոտի Ծաղկաձորում, 10 տրանսպորտային միջոց: Բռնագանձման է ենթակա 7 տարբեր ընկերությունում մասնակցության իրավունքը, այդ թվում՝ «Յանս» ռեստորանային համալիրը: