ՊՈՒՏԻՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՆԵՆԱ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում մտադիր է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ տեղեկացրել է Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիքի հնարավորությունը Կրեմլում չի քննարկվում: Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է հասնել հատուկ գործողության բոլոր նպատակներին և կհասնի դրանց: Նա հավելել է՝ այդ գործողության նպատակն Ուկրաինայում իշխանափոխությունը չէ:
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՊԿ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ
Երևանում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանն է անդրադարձել նաև Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը: Պատասխանելով «Արգումենտի ի ֆակտի» լրատվականի հարցին՝ կարո՞ղ են արդյոք ՀԱԿՊ-ը և Ռուսաստանը՝ որպես այդ կազմակերպության առանցքային անդամ, Հայաստանին ավելի ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում և, առաջին հերթին՝ ռազմական, Կոսաչովն ընդգծել է.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, կազմակերպության իրավասությունից դուրս է։ Հայտնի է, որ Ռուսաստանն անկեղծորեն նպաստում է այդ երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մեր ջանքերը հավասարապես պահանջված են երկու կողմից էլ։ Այլ կերպ լինել չէր էլ կարող: Այս հակամարտությունում միայն մեկ կողմին աջակցելը կնշանակեր սրել իրավիճակը»,- մանրամասնել է պաշտոնյան։
Նա նաև շեշտել է՝ հարկավոր է ապահովել, որ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ. ԷՐԴՈՂԱՆ
Անկարան օդային գործողություն է իրականացրել Սիրիայում և Իրաքում, քանի որ Ռուսաստանը հրաժարվել է կատարել Թուրքիայի հետ սահմանը քրդական կազմավորումներից մաքրելու խոստումը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռեջեփ Էրդողանը։
«Մենք բազմիցս զգուշացրել ենք Մոսկվային, որ կատարի իր խոստումը, այն է՝ Հյուսիսային Իրաքը և Սիրիան մաքրել ահաբեկիչներից՝ 2019 թվականի Սոչիի համաձայնագրին համապատասխան: Ռուսաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունը: Մենք զգուշացրել ենք, որ չենք լռելու։ Այսպիսով, Թուրքիան հարվածել և վերացրել է Քոբանիում ահաբեկիչների 12 կենտրոն»,- ասել է Էրդողանը, հավելել՝ ռազմական գործողությունը կշարունակվի թե՛ օդում, թե՛ ցամաքում:
Նա նաև տեղեկացրել է, որ չի քննարկել թուրքական բանակի օպերացիան ո՛չ Ջո Բայդենի, ո՛չ էլ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները գիտեն, որ մենք ի վիճակի ենք նման գործողություններ իրականացնել ցանկացած պահի»,- շեշտել է Էրդողանը։
Ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր քրդական ուժերի դեմ Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողության մեկնարկի մասին: Լրատվամիջոցների տվյալով՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները Սիրիայի տարածքից պատասխան կրակ են բացել Թուրքիայի հետ սահմանին գտնվող տարածքների ուղղությամբ: Թուրքիայի գործողության հետևանքով կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
ԻՐԱՆԸ ԿՎԵՐԱՆԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ ԱԷՄԳ-Ի ՀԵՏ. ՔԱՆԱՆԻ
Իրանը կվերանայի իր համաձայնագրերը Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ՝ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Իրանի բարձրաստիճան պատվիրակության՝ Վիեննա կատարած այցի ընթացքում Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ կառուցողական գործակցության մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այնուհանդերձ, գործակալության կառավարիչների խորհրդի վերջին բանաձևը ստիպում է մեզ գործել՝ հաշվի առնելով փոփոխվող իրականությունը»,- հավելել է Քանանին։
Ավելի վաղ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդն ընդունել էր «Իրանի հետ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գծով երաշխիքների վերաբերյալ համաձայնագրի մասին» բանաձևը: Փաստաթղթում գործակալությունը կոչ է արել Թեհրանին պարզաբանել իր օբյեկտներում նախկինում հայտնաբերված միջուկային նյութի ծագումը: Իրանական կողմի համոզմամբ՝ բանաձևի նպատակն է քաղաքական ճնշում գործադրել Թեհրանի վրա։
ՍԵՐԲԻԱՅԻ ԵՎ ԿՈՍՈՎՈՅԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի նոյեմբերի 21-ի բրյուսելյան բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել՝ հայտնում են լրատվամիջոցները։ Սերբական Blic թերթը, վկայակոչելով իր աղբյուրը, նշել է, որ Կոսովոյի հյուսիսում բարդ և անորոշ ժամանակներ են լինելու:
Նոյեմբերի 20-ին Կոսովոյի իրավապահ մարմինները հաստատել են, որ նոյեմբերի 22-ից տուգանելու են սերբական համարանիշներով երթևեկող վարորդներին։ Նշվում է, որ անցումային շրջանը կտևի մինչև 2023 թվականի ապրիլի 21-ը, ինչից հետո Կոսովոյի ոստիկանությունը կսկսի առգրավել սերբական համարանիշներով ավտոմեքենաները։
Այս որոշման ֆոնին նոյեմբերի սկզբին Կոսովոյում և Մեթոխիայում բնակվող սերբերը զանգվածային բողոքի ցույցեր են անցկացրել, կոչ արել չսահմանափակել սերբերի տեղաշարժի ազատությունը։ Պետական կառույցներում աշխատող սերբ պաշտոնյաները հրաժարական են տվել: