Պատվաստվելը կարևոր է, անհրաժեշտ, արդյունավետ. ոլորտի պատասխանատուները հաճախ են նման ուղերձներ հնչեցնում ու խրախուսում պատվաստվել այս կամ այն հիվանդությունը կանխարգելելու համար: Հիմա էլ, երբ ձմռան շեմին ենք, հատկապես կարևորվում են գրիպի դեմ պատվաստումները: Իսկ ի՞նչ զննում պետք է անցնի մարդը՝ պատվաստումներից առաջ: ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի բժիշկ Պիրիջիդա Սիմոնյանը նշում է՝ ազգային օրացույցում ներառված պլանային, այդ թվում՝ գրիպի դեմ պատվաստումների դեպքում զննումը պարտադիր է՝ սկսած ջերմաչափումից:
Եթե որևէ խնդիր է հայտնաբերվում, պացիենտին պետք է ուղարկել հետազոտման և նոր միայն որոշել՝ կարո՞ղ է պատվաստվել, թե՞ ոչ:
Ոչ պլանային՝ համաճարակաբանական ցուցումով պատվաստումների դեպքում, ինչպիսին քովիդի դեմ պատվաստվումներն են, զննումը պարտադիր չէ, եթե, իհարկե, պացիենտը գանգատ չի հայտնում, բայց բուժաշխատողը պետք է անպայման հարցնի՝ նա գանգատ ունի՞: Ունենալու դեպքում վերը նշված զննումները դառնում են պարտադիր, անկախ այն բանից, թե հատկապես ինչ խնդիր է նշում պացիենտը:
Պիրիջիդա Սիմոնյան (ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի բժիշկ) - Ընդհանրապես աշխարհում պատվաստումներ իրականացվում են պրակտիկ առողջ մարդուն: Եթե անգամ ինքը ունի սուր թեթև հիվանդություն, շատ ցածր ջերմությունով, որը բժշկական տերմինով կոչում ենք սուբֆեբրիլ ջերմություն, առաջարկվում է պատվաստում, որովհետև դա որևէ խնդիր չի կարող առաջացնել օրգանիզմում:
Իսկ թե որքանով է բուժհաստատություններում պահպանվում պարտադիր զննումների կանոնը, ՀՎԿԱԿ ներկայացուցիչը դժվարանում է պատասխանել:
Պիրիջիդա Սիմոնյան - Չեմ կարող բացառել, որ կարող է նաև որոշ տեղերում թերանան, բայց, ընդհանուր առմամբ, բոլոր բժիշկները տեղեկացված են և իրականացնում են այս գործընթացը:
Երևանի համար 13 պոլիկլինիկայում վստահեցնում են՝ պատվաստվելու եկած պացիենտին զննում են՝ պատվաստումը լինի պլանային, թե համաճարակաբանական:
Ռուզան Դուրգարյան (Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն) - Միջինը օրական ունենում ենք 50 պատվաստում: Հիմնականում այս պահի դրությամբ գրիպի պատվաստումներն ենք անում: Ինչպես գիտենք, արդեն սեզոնային գրիպը առկա է և բավական ծանր շտամ է: Քովիդի պատվաստումները մի փոքր պասիվացել են, հիմա ակտիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի մի փոքր ակտիվացնենք նաև քովիդի պատվաստումները:
Պոլիկլինիկայի տնօրենը նշում է՝ բուժաշխատողների ծանրաբեռնվածությունը չի խանգարում ապահովության համար նախնական զննում անել՝ անկախ պացիենտի գանգատ ունենալ-չունենալուց:
Ռուզան Դուրգարյան - Քանի որ մենք հիմա ամբողջ ընդունելությունը կատարում ենք այցերով, այսինքն՝ «Արմեդում» յուրաքանչյուր բնակիչ ունենում է միջինում 15 րոպե այց, բժշկի օրը կարծես թե պլանավորված է, էնպես որ, էստեղ մենք ժամանակի խնդիր չունենք, բնականաբար, զննում անց է կացվում՝ հիմնականում ջերմաստիճանի չափում, ճնշման չափում, սատուրացիան, առաջին հերթին, իհարկե, գանգատի ճշտումն է՝ արդյոք գանգատ ունի՞, թե՞ չէ, եթե գանգատ ունի, արդեն կատարվում է ավելի մանրամասն, օբյեկտիվ զննում:
ՀՎԿԱԿ-ից փոխանցում են՝ չի գրանցվել դեպք, որ պատվաստման հետևանքով բարդություններ առաջանան, ու պատճառը լինի ոչ պատշաճ նախնական զննումը: Առհասարակ, պատվաստումների հետևանքով բարդությունները շատ հազվադեպ են, դրանք կառավարելի են և պացիենտի կյանքին վտանգ չեն սպառնում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան