Մոսկվայում օրերս տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:
Միաժամանակ, ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարևորությունը՝ ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաև տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։