ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։
Հանդիպմանը ներկա էր Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
Նախարար Սանոսյանը ողջունել է գործարարներին և ընդգծել, որ Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու մեծ հնարավորություններ կան։
Նախարարը գործարարներին է ներկայացրել ՏԿԵ նախարարության գործունեության ոլորտները, մանրամասն նկարագրել, թե որ ոլորտում ինչ անելիքներ, ինչ հնարավորություններ կան և ինչպես կարելի է համագործակցել այդ հարթակներում։ «Վերջին տարիներին Հայաստանում մեծ ծավալի շինարարություն է կատարվում։ Ճանապարհներ են կառուցվում, դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվում, ջրագծեր են անցկացվում։ Մենք իրականում ավելին ենք ուզում անել, բայց տեղական շինարարական ընկերությունների ներուժը չի բավարարում։ Դրա համար ես պարզ կարող եմ ասել՝ մենք ձեր կարիքն ունենք։ Մեր երկրում աշխատանք շատ կա, և այստեղ ձեզ խանգարողներ չեն լինի»,- ասել է նախարարը։
Գործարարներն իրենց հերթին նախարարից տարբեր հարցերի վերաբերյալ տեղեկություններ են ճշտել, հետաքրքրվել մասնավորապես ճանապարհաշինության, շինարարության, աղբի վերամշակման, արևային էներգետիկայի ոլորտներից, իրենց՝ Հայաստան տեղափոխած ընկերություններով հայաստանյան տենդերներին մասնակցելու հնարավորություններից։
Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը մանրամասն պատասխանել է ուկրաինահայ գործրարների՝ Հայաստանում մնալու ժամկետների, կարգավիճակի, այստեղ ապրելու և աշխատելու համար անհրաժեշտ թույլտվությունների վերաբերյալ բոլոր հարցերին։