Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Արփի Ադամյանը, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, ձեռագրաբանական և փաստաթղթաբանական, տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի ղեկավարներ՝ Արթուր Անդրեասյանը, Վահե Գրիգորյանը, Սամվել Հովհաննիսյանն ու կենտրոնի ավագ փորձագետ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 16-18-ը հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Լևան Սամխարաուլիի անվան ազգային քրեագիտական բյուրոյի ղեկավար Մամուկա Ջանգուլաշվիլիի և Վրաստանի ՆԳՆ դատաքրեագիտական դեպարտամենտի ղեկավար Գիորգի Տվաուրիի հետ։
Այցի շրջանակներում Դավիթ Ղուլյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է երկու փորձագիտական կենտրոններում փորձաքննություններ իրականացնող բոլոր բաժիններին, լաբորատորիաներում կատարվող փորձաքննությունների տեսակներին ու ենթատեսակներին, ինչպես նաև Ազգային քրեագիտական բյուրոյի ԴՆԹ իրականացնող լաբորատորիայի պայմաններին ու սարքավորումներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փորձաքննությունների ժամկետների, դրանց կատարման ընթացակարգերի և օրենսդրական կարգավորումների, փորձագետի որակավորման ու ատեստավորման, նրանց վերապատրաստման, ինչպես նաև մեթոդների ու մեթոդիկաների, բազաների ու մասնագիտական գրականության վերաբերյալ մի շարք հարցեր։ Դավիթ Ղուլյանը հանդիպման երկկողմ մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնի բաժիններն ու փորձաքննությունների տեսակները, վերջին սերնդի սարքավորումներն ու դրանց հնարավորությունները, փորձագետ դառնալու կարգն ու պարտականությունները, այդ թվում՝ արդի խնդիրներն ու դրանց լուծումների առընչությամբ կենտրոնում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների ուղղությունները, վերջին մեկ տարում կենտրոնի ձեռքբերումներն ու դրանք ընդլայնելու արդյունավետ գործընթացները։
Դավիթ Ղուլյանը գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր։
Նշված քննարկումների շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փորձագիտական ոլորտում հայ-վրացական փոխգործակցությունը խորացնելու, համագործակցության հետագա շարունակականությունն ապահովելու և դրանց ընդլայնման ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագրեր մշակելու մի շարք քայլեր, ինչպես նաև փորձի փոխանակման, երկու երկրների փորձագետների աշխատանքի որակի բարելավման, ունեցած մասնագիտական գիտելիքների հարստացման նպատակով, հետագայում ակտիվ ու արդյունավետ հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել նաև հեռավար ձևաչափով։
Հանդիպման ավարտին կողմերը, բարձր գնահատելով արդյունավետ քննարկումները, համաձայնություն են հայտնել առաջիկայում կառույցների միջև կնքել փոխգործակցության խորացման մասին համագործակցության հուշագիր՝ նպաստելով փորձագիտական ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչի արդյունքում էլ ավելի կամրանա միջպետական փոխգործակցությունը երկու բարեկամ երկրների միջև: