Սևանից ջրբացթողումն այս տարի առաջին անգամ թույլատրելի շեմին չի հասել․ սահմանված 170 մլն խմ-ի փոխարեն ոռոգման համակարգը բավարարվել է 165 մլն-ով։ Ի դեպ, ըստ որոշ հաշվարկների, եթե Հայաստանի ամբողջ գյուղատնտեսությունը կաթիլայինի անցնի, այժմ օգտագործվող ջուրը լիուլի կհերիքի այգիներին։ Ինչպե՞ս ճիշտ կառավարել ոռոգման և խմելու ջրի պաշարները․ երկիրն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ նոր ծրագիր է սկսում։
Էնդրյու Գոլդա (ԱՄՆ ՄԶԳ-Հայաստանի տնտեսական բաժնի փոխտնօրեն) - Ծրագրի արժեքը 8,9 մլն դոլար է, տևողությունը՝ 5 տարի։ Նպատակը՝ որակյալ և կայուն ջրային ռեսուրսների ապահովումն է, որը իր նպաստը կբերի նաև երկրի կայուն տնտեսական զարգացման առումով։
Հպարտ ենք օգնել Հայաստանին բարելավելու բնական պաշարներից կարևորագույն համարվող ջրային ռեսուրսների կառավարումը՝ ծրագրի մեկնարկային հավաքին հայտարարեց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Ամերիկյան ֆինանսավորմամբ նախորդ փաթեթը, որ իրականացվել է ջրային ոլորտում, այժմ թույլ է տալիս ավելի խնայողական ծախսել Արարատյան դաշտի ստորգետնյա աղբյուրների՝ խորքային հորերի ջուրը՝ հիշեցրեց միջոցառմանը ներկա բնապահպանության պատասխանատուն։
Տիգրան Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Մասնավորապես ձկնաբուծարաններում ստորգետնա ջրառի 19 հոսքաչափերի տեղադրում ու սկադա ծրագրի ապահովման ներդրում:
Նոր ծրագրով կթարմացվի ոլորտին վերաբերող օրենսդրությունը, ցուցադրական-օրինակելի ցանցեր կստեղծվեն։ Տեխնիկական մասը մեծ չէ, բայց կարդիականացվի 10 դիտակետ։ Նախատեսվող արդյունքներից է լինելու նաև 20 հազար բնակչի ջրամատակարարման բարելավումը՝ թիրախ-բաղադրիչները հատ առ հատ թվարկեց նախագծի ղեկավարը։
Արմեն Վարոսյան («Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավար) - Ուղղված է սահմանամերձ և սոցիալապես ավելի խոցելի համայնքներին և ուղղված է լինելու խմելու ջրի և ոռոգման ջրերի բարելավմանը:
Ծրագիրը տարածաշրջանային է, բայց Վրաստանի հետ համատեղ օգտագործվող Դեբեդի կամ Իրանի ու Թուրքիայի դեպքում՝ Արաքսի ջրերի օրինակով, Ադրբեջանի հետ համագործակցություն չի ենթադրում՝ վստահեցրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը։ Վաչե Տերտերյանը հույս ունի՝ որքան էլ կլիմայի գլոբալ տաքացման պատճառով քաղցրահամ ջուրն աշխարհում թանկարժեք ռեսուրս դառնա, մեզ մոտ, Սիրիա-Միջագետքի նման քաղաքականության էլեմենտի չի վերածվի, կմնա միջազգային կոնվենցիաների տիրույթում։ Դրանք, պարզվում է, հսկայածավալ ջրամբարներ կառուցելով հանդերձ, հարևան պետությունը կարողացել է չխախտել։
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Իրենք Արաքսի բոլոր վտակների վրա Թուրքիայում կառուցել են ջրամբարներ, և էս առումով հիմա մինչև Ախուրյան գետ իրենք իրավունք ունեն Արաքսի էդ հոսքը կառավարելու, կա էդպիսի մարտահրավեր, բայց դրա համար, գիտեք, մենք նախաձեռնել ենք Կապսի ջրամբարի շինարարությունը, որը թույլ կտա հակազդել էդ հնարավոր ռիսկերին:
Հայաստանն այս պահին 18 ջրամբարի շինարարություն է պլանավորում։ Ըստ Տերտերյանի՝ նոր ավազանների կառուցման, թե ունեցած պաշարներն ավելի լավ կառավարելու միջոցով երկրում կուտակվող-մնացող ջուրը որքան ավելանա, այդքանով տարածաշրջանում կավելացնենք մեր կշիռը։