Առևտուր անելիս ՀԴՄ կտրոն տրամադրելը կամ աշխատողներին գրանցելը օրենք է, որի մասին գիտի յուրաքանչյուր տնտեսվարող, բայց թվային տվյալները ցույց են տալիս, որ կան բիզնեսներ, որոնք դեռ խուսափում են հարկ վճարելուց: ՊԵԿ-ն ամփոփել է 10 ամսվա հարկային ստուգումների տվյալները:
2022 թվականի հունվար-հոկտեմբերին ՊԵԿ-ը ՀԴՄ-ների կիրառման կանոնների պահպանման 16 հազար ստուգում է իրականացրել, որից 9600-ի դեպքում խախտում է արձանագրվել: Կիրառվել է 2.3 մլրդ դրամի տուգանք, որը 15 տոկոսով կամ 3 մլն դրամով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից:
Արթուր Հակոբյան (ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության տեսչություն-վարչության պետի տեղակալ) - Այս դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկով գումարը կազմում է 10 մլն-ից ավելի, գործը փոխանցվում է քննչական կամ նախաքննական մարմիններին: Եվ մենք 2022 թվականի 10 ամիսների ընթացքում շուրջ 487 այդպիսի գործ ունենք, որոնցում նշված պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկը կազմում է շուրջ 18.5 մլրդ դրամ:
Տուգանք կիրառելուց էլ արդեն նոր կարգով են առաջնորդվում. եթե նախկինում ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման երկրորդ և հաջորդ դեպքում գործունեության ժամանակավոր կասեցում էր լինում, հիմա 200 հազար դրամ տուգանք է կիրառվում, նաև գանձվում է նախորդ եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 10 մլն դրամ:
Նույն ժամանակահատվածում 2300 տնտեսվարողի մոտ էլ ստուգել են չգրանցված աշխատողի առկայության դեպքեր: 1187 խախտում է հայտնաբերվել, ըստ որի տվյալ բիզնեսներում 1911 չգրանցված աշխատող է եղել: Այս դեպքով 478 մլն դրամի տուգանք է կազմվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 24 տոկոսով կամ 93 մլն դրամով: Այստեղ էլ տուգանքը յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար 250 հազար դրամ է:
Արթուր Հակոբյան - Այժմ ավելի ու ավելի ենք գնում ավելի թիրախային ստուգումներ իրականացնելուն, որպեսզի սոտւգումները լինեն ավելի արդյունավետ: Իրականացվում է ռիսկերի գնահատում, որից հետո նոր գնահատված ռիսկերի հիման վրա նախաձեռնվում են ստուգումները:
Մոտ 1 մլրդ դրամի խախտում էլ հայտնաբերվել է չափագրման ուսումնասիրության արդյունքում՝ նախորդ տարվանից 152 տոկոսով կամ 652 մլն դրամով ավելի:
Արթուր Հակոբյան- Ըստ էության գալիս ենք, որ ստեղ բացահայտում ենք իրացման շրջանառության թերհայտարարագրում, այսինքն՝ փաստաթղթերով ձեռքբերումները ունենք, բայց ապրանքը փաստացի չկա: Կիրառված տուգանքների մի մասն արդեն վերադարձվել է բյուջե, մյուսները դեռ բողոքարկման համար սահմանված ժամկետներում են: Հարկային ստուգում իրականացնելիս միայն արտագնա կարգով չեն սահմանափակվում, ՊԵԿ-ում կիրառում են նաև վերլուծական գործիքակազմը:
ՊԵԿ պաշտոնյան բացատրում է նաև՝ տուգանքների ավելացումը ե՛րբ դրական և ե՛րբ բացասական համարել:
Արթուր Հակոբյան - Եթե մենք նայում ենք՝ շրջանառությունը չի ավելացել, տուգանքները ավելացել են, ստեղ, իհարկե, վատ ա, եթե մենք նայում ենք, որ շրջանառությունը ավելացել ա, եթե մենք նայում ենք, որ գործարքների թիվը ավելացել են, դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի թիվը ավելացել են և տպագրվող ՀԴՄ կտրոնները, ապա սա դրական դինամիկա է:
Որ հարկային վարչարարությունը էլ ավելի արդյունավետ իրականացնեն, վարչությունում համալրումներ են պատրաստվում անել, ճանապարհ են բացում բուհը նոր ավարտած երիտասարդների համար: Մինչև նոյեմբերի 21-ը նոր ավարտած ուսանողները կարող են դիմել ՊԵԿ (ընթացակարգը կայքում հրապարակված է), անցնել եռամսյա անվճար դասընթացներ, ապա փորձաշրջան և դառնալ հարկային տեսուչ: