ԱՆԿԱՐԱՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՇՈՒՐՋ 90 ԹԻՐԱԽ
Անկարան օդային գործողություն է իրականացրել քրդական ուժերի դեմ Սիրիայի և Իրաքի հյուսիսում, ոչնչացվել է շուրջ 90 թիրախ՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը և նշելով, թե «Ճանկ-սուր» անվանումը կրող ռազմական գործողությունն իրականացվել է «ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի դրույթներին համապատասխան»։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Ֆարհադ Շամին հայտարարել է, որ Թուրքիան հարվածներ է հասցնում Սիրիայի հյուսիսում սահմանամերձ Այն ալ-Արաբի/Քոբանի քաղաքին, որը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ։ Թիրախավորվել են նաև Հալեպը, Ռաքքան և Հասեքեն և այլ շրջաններ:
Իրաքցի պատգամավոր Մահմուդ Օթմանն էլ տեղեկացրել է, որ Թուրքիան թիրախավորել է Ռոջավան: «Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող միակ ուժի վրա հարձակումները ճանապարհ են հարթում «Իսլամական պետության» համար»,- գրել է նա Թվիթերի միկրոբլոգում:
Լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները Սիրիայի տարածքից պատասխան կրակ են բացել Թուրքիայի հետ սահմանին գտնվող տարածքների ուղղությամբ:
Թուրքական հարձակումների հետևանքով կան տասնյակ զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:
Ավելի վաղ թուրքական կողմը մեղադրել էր Քրդստանի աշխատավորական կուսակցությանը Ստամբուլում վերջերս տեղի ունեցած ահաբեկչության համար: Ռեջեփ Էրդողանն իր հերթին զգուշացրել էր, որ Թուրքիան առաջիկայում Սիրիայում անդրսահմանային ռազմական գործողություն կարող է իրականացնել:
ԻՐԱՆԸ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԻՆ
Իրանի զինված ուժերն էլ հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանին՝ հայտնում է իրաքյան ԻՆԱ գործակալությունը:
«Թիրախավորվել են Էրբիլ և Սուլեյմանիա նահանգներում տեղակայված քրդական ուժերը, որոնք աջակցում են Իրանում հակակառավարական ցույցերին: Գնդակոծվել է նաև Բահիրկա քաղաքը»,- տեղեկացրել է լրատվամիջոցը։
ՀՐԴԵՀ ՄՈՍԿՎԱՅԻ ԾԱՂԿԻ ՊԱՀԵՍՏՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Մոսկվայի Կոմսոմոլսկայա հրապարակում գտնվող ծաղկի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել՝ հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայություններից: Զոհերի թիվը ճշտվում է:
Քննչական կոմիտեի տվյալով՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել հրդեհային անվտանգության կանոնների խախտման պատճառով։ Հարուցվել է քրեական գործ։
ՏՈԿԱԵՎԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
Նոյեմբերի 20-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր վեց թեկնածու:
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ ընտրություններում հաղթել է ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ստանալով ձայների ավելի քան 80 տոկոսը։ Նա հայտարարել է, որ Ղազախստանում սահմանադրական բարեփոխումներ կիրականացվեն, կբարելավվի նաև երկրի տնտեսական վիճակը: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջինն է շնորհավորել Տոկաևին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Այսպիսով, Տոկաևը կպաշտոնավարի ևս 7 տարի։ Ղազախստանում վերջին սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ նա այլևս չի կարողանա առաջադրվել 2029 թվականին կայանալիք հաջորդ նախագահական ընտրություններին։
ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԻ ԹՎԻԹԵՐՅԱՆ ԷՋԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջը վերականգնվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 20-ին սոցիալական կայքի սեփականատեր Իլոն Մասկն իր միկրոբլոգում գրել էր. «Մարդիկ բարձրաձայնեցին իրենց կարծիքը, Թրամփը կվերականգնվի»: Ավելի վաղ Թրամփի թվիթերյան օգտահաշիվը վերականգնելու մասին հարցում էր անցկացվել, որին մասնակցած 15 մլն օգտատերերի 50 տոկոսից ավելին կողմ էր քվեարկել նախաձեռնությանը:
Ապաարգելափակումից մոտ 7 ժամ անց Թրամփի էջին բաժանորդագրվել է շուրջ 25 միլիոն օգտատեր։ Թվիթերում Թրամփի վերջին հաղորդագրությունն արվել է 2021 թվականի հունվարի 8-ին։ Սոցիալական կայքի նախկին ղեկավարությունն արգելափակել էր Թրամփի օգտահաշիվը հունվարի 6-ին Կապիտոլիում նրա կողմնակիցների ներխուժումից հետո, որոնք փորձում էին թույլ չտալ ԱՄՆ Կոնգրեսին հաստատել նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը։
Մտավախություն կար, որ Թրամփի հրապարակումները կարող են նոր անկարգությունների պատճառ դառնալ:
The Hill թերթը գրում է, որ Դոնալդ Թրամփը մտադիր չէ վերադառնալ Twitter։
«Իմաստ չեմ տեսնում, Twitter-ում շատ խնդիրներ կան: Տեսնում եք՝ այնտեղ ինչ է կատարվում»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընտանիքի անդամների շրջանում նշել է 80-ամյակը։ Նախագահի խոսնակ Կարին-Ժան Պիեռն ավելի վաղ հայտնել էր, որ Բայդենը սովորաբար իր ծննդյան օրը նշում է Գոհաբանության օրվան նախորդող չորեքշաբթի օրը: Այսինքն՝ այս տարի Բայդենը պետք է նշեր ծննդյան օրը նոյեմբերի 24-ին։
Սակայն, Ժան Պիեռի խոսքով, քանի որ նոյեմբերի 19-ին Սպիտակ տանը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի թոռնուհու հարսանիքը, և ընտանիքի բոլոր անդամներն արդեն հավաքվել են Սպիտակ տանը, որոշում է կայացվել ԱՄՆ առաջնորդի ծնունդն ավելի շուտ նշել: