Դատարանում այսօր պարզվել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութ բնակավայրի Խուռհատ սարի վրա մարտական գործողությանը մասնակցած սպա, դասակի հրամանատար Ղարիբ Ջավադյանը չգիտի, թե իր դասակը քանի հոգուց է բաղկացած եղել:
Նա դատարանում ցուցմունք է տվել ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Իշխան Վահանյանի քրեական գործով: Վահանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին սարի վրա մարտի ընթացքում մարտադաշտը ինքնակամ լքելու, վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը իր հետ տանելու համար:
Նրա այս գործողությունների հետևանքով զինծառայողների մի մասը զոհվել է, մի մասը՝ գերեվարվել, մյուսների գտնվելու վայրը անհայտ է:
Վկան պատմել է, որ Վահանյանի հրամանով՝ հոկտեմբերի 8-ին բարձրացել են սար, երբ հակառակորդը հարձակվել է՝ նահանջել են, բայց՝ առանց հրամանատարի, որը, ըստ անձնակազմի, շտապօգնության մեքենայով փախուստի էր դիմել: 4 սպայի հետ 140 զինվորից մոտ 50-ը նահանջել են:
Վկան խոստովանել է՝ իրավունք չունեին 4 սպայով նահանջել, երբ զորքի մեծ մասը մնացել էր:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան