Հայկական միջնադարյան քարավանատուն կամ շուկա՝ հնագետներն այս երկու վարկածն են քննարկում Կարմիր բլուր հնավայրում պեղված մոնումենտալ կառույցի մասին: Իր ճարտարապետությամբ, ժամանակաշրջանով ու նշանակությամբ կառույցը եզակի է ոչ միայն մեր երկրի, այլև Մերձավոր Արևելքի համար:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, հայ-ավստրիական արշավախմբի համաղեկավար) - Երկուսն էլ ֆանտաստիկ են: Մենք գիտենք, որ Կարմիր բլուրն այն հնավայրն է, որտեղից գտնվել են ամենաշատ կավե սեպագիր սալիկները, և էնտեղ կան տարբեր կաշվե ձիերի մասին նույնիսկ հաղորդումներ, և էս ամենը ոնց որ դրա հնագիտական արտացոլումը լինի:
Կարմիր բլուր հնավայրում պեղումները վերսկսվել են դեռևս 2019 թվականին, 2021-ին աշխատանքներին միացել են ավստրիացի հնագետները: Նրանց ջանքերով այս տարի բացվեցին հողային տարբեր շերտեր՝ ուրարտական ու հետուրարտական ժամանակաշրջանների: Գործընկերների մեկնելուց հետո հայկական կողմը շարունակում է պեղումները:
Արման Եղիազարյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար) - Այս պահին բացվում է այս հատվածի սալահատակը, շատ մոնումենտալ կառույցի սալահատակ, որը շատ հետաքրքիր է մեզ համար:
Արշավախմբին հաջողվել է ֆիքսել նաև հրդեհի հետքեր, այրված շերտ սալահատակի վրա՝ սրանք արդեն ավելի ուշ փուլերի են թվագրվում: Կառույցի մոնումենտալության մասին վկայում են բացված պատերն ու խարիսխները:
Միքայել Բադալյան - Մի տեղ մի գծի վրա 4 սյան խարիսխ է բացվել, և էս տարի մեզ հաջողվեց 7 սյան խարիսխ բացել զուգահեռ մյուս գծի վրա: Պետք է ասեմ, որ մենք աշխատում ենք ուղղակի մեր էնտուզիազմի համար: Էս տարի, ցավոք, տարբեր պատճառներով ֆինանսավորում չեղավ, և մենք աշխատում ենք անվճար:
Պեղումներն առաջիկա օրերին արշավախումբը մտադիր է դադարեցնել, եկող տարի դրամահավաք կանեն, կաջակցեն նաև արտասահմանցի գործընկերները:
Վահե Սարգսյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն) - Շարունակելու ենք դեռ տևական ժամանակ աշխատել, և Կարմիր բլուր հուշարձանն այս պեղումներով գալիս է ևս մեկ անգամ փաստելու, որ դեռևս գիտական աշխարհին, համաշխարհային գիտական հանրությանը կարող է նոր նյութ մատուցել:
Հնագետները մտադիր են ամբողջությամբ պեղել կառույցը, ամրակայել, հատուկ ծածկի տակ առնել, որ հետագայում այն դառնա Կարմիր բլուր հնավայրի այցելելի հուշարձաններից մեկը:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան