Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։
Բանաձևը, մասնավորապես, համերաշխություն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանի հետ և այս համատեքստում խոր մտահոգություն հայտնում վերջերս տեղի ունեցած ռազմական էսկալացիայի (խմբ.՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ագրեսիայի), հատկապես դրա հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ։ Կազմակերպությունը քաջալերում է կողմերին, միջազգային գործընկերների հետ համատեղ, խնդիրների բանակցված, խաղաղ և տևական կարգավորման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ հարգելով միջազգային իրավունքի, ներառյալ՝ տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության սկզբունքները, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, և կոչ է անում խստորեն հարգել հրադադարը։
Փաստաթղթում ընդգծվում է նոր էսկալացիայից խուսափելու կարևորությունը և կոչ է արվում լիարժեք իրականացնել 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ողջունվում են գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման ուղղությամբ։
Բանաձևում անդրադարձ կա նաև հումանիտար խնդիրներին։ Կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում լուծում չստացած հումանիտար խնդիրների առնչությամբ, մասնավորապես, ռազմագերիների և այլ պահվող անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։ ՖՄԿ-ն նաև մտահոգություն է հայտնում մշակութային ժառանգության ոչնչացման առնչությամբ և իր աջակցությունը ցուցաբերում Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացմանը։
Հավելենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի Ջերբայի հռչակագրով կազմակերպության անդամ երկրները շնորհակալություն են հայտնում Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը վերջին չորս տարիների ընթացքում նախագահելու համար և հայտնում են իրենց համերաշխությունն Հայաստանին այն անվտանգային մարտահրավերների համատեքստում, որոնց նա առերեսվում է։