Բարձրագույն որակավորման կոմիտեն շուտով կգործարկի գրագողությունը բացահայտող ծրագիր: Դրա ներդրման ու օգտագործման վերաբերյալ համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համապատասխան ինստիտուտի հետ:
ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆ (Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ) -
Արդեն սերվերը ձեռք ենք բերել, նոր ծրագիրն էլ ներդրման փուլում է՝ բազաներն ենք թարմացնում, առաջին փորձարկումներն ենք անում:
Ծրագիրը հասանելի է լինելու ոչ միայն ԲՈԿ-ին, այլև բուհերում գործող ու գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդներին, ինչպես նաև գիտական պարբերականների գլխավոր խմբագիրներին` հնարավորություն տալով գրագողություն պարունակող գիտական աշխատանքի կամ ատենախոսության առաջընթացը կասեցնել հենց սկզբնական փուլերում՝ մինչև ԲՈԿ հասնելը:
ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆ - Եթե մասնագիտական հանրության համար խնդիր չէ, որ ինչ-որ մեկը գրագող է, էդ դեպքում միշտ էլ հնարավորություն կգտնվի դա ծածկելու: Շատ-շատ կարևոր է, որ մենք ներքին պահանջ ունենանք գրագողներին մեր շարքերից հանելու:
ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանի խոսքով՝ կան դեպքեր, որ գիտական ատենախոսության խնդիրը հայտնաբերել ու դեմ են քվեարկել հենց մասնագիտական խորհրդում, ու առողջ միջավայր ստեղծելու ճանապարհին, ըստ նրա, ճիշտ է, որ խորհուրդները հնարավորինս շուտ ստանձնեն այդ պատասխանատվությունը:
Ոլորտի բարեփոխման շրջանակում մշակվել է գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծ: Շուտով կդրվի հանրային քննարկման: Նախատեսվում է խստացնել գիտությունների թեկնածու կամ դոկտոր դառնալու համար ներկայացվող պահանջները:
ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆ - Կարևոր է, որ գիտական աստիճան հայցողները ոչ միայն տեղական ամսագրերում ունենան տպագրություններ, այլև միջազգայնորեն ընդունված գիտատեղեկատվական շտեմարաններում, պարբերականներում ևս ունենան տպագրություն:
Գործող կարգով, օրինակ՝ գիտությունների թեկնածուի աստիճան հայցելու համար կա 2 հնարավորություն՝ կամ ունենալ 6 տպագրություն ԲՈԿ-ի կողմից ընդունելի, ըստ էության տեղական պարբերականներում, կամ 3 հատ տպագրություն, որոնցից մեկը միջազգային «Վեբ օֆ սայնս» կամ «Սկոպուս» շտեմարաններում ընդգրկված պարբերականներում: Հումանիտար թևում, որպես կանոն, օգտվում են 6 տեղական պարբերականներում տպագրություն ունենալու հնարավորությունից:
Բնական գիտությունների ոլորտում ատենախոսություն պաշտպանողների 60-70 տոկոսը նշված շտեմարաններում հրապարակումներ ունի, հումանիտար թևում՝ ընդամենը մինչև 4 տոկոսը:
Հիմա նախատեսվում է թողնել միայն երկրորդ հնարավորությունը՝ անպայման միջազգային գիտատեղեկատվական պարբերականում տպագրություն ունենալու պահանջով: Նոր պայմանները վերաբերելու են նաև գիտական ղեկավարին, մասնագիտական խորհուրդներին:
ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆ - Այնպես չէ, որ այդ պահանջները գործելու են վաղվանից, դրա համար 3-4 տարի ժամանակ կտրվի, որ կտարածվի նոր ընդունվող ասպիրանտների վրա, ըստ էության, դա կսկսի գործել, դիցուք, 2027 թվականից:
Գիտական կոչումների շնորհման կարգում էլ փոփոխությունները հաստատվել էին այս տարվա սկզբին: Քեռյանն ասում է՝ դրանք հիմնարար փոփոխություններ չեն, որովհետև երբ ընդունվի «Կրթության և գիտության մասին» օրենքը, դոցենտի ու պրոֆեսորի կոչումներ այլևս չեն շնորհվելու: Նոր կարգում ընդամենը հստակեցվել են պահանջները, վերացվել բացթողումները, որ գործընթացում երկիմաստություններ չլինեն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան