Չհրկիզվող պահարանից դուրս բերվող թղթապանակում Մայիսյան գյուղի հողերի քարտեզն է: Վարչական ղեկավարը հատ-հատ գիտի նույնիսկ անցած դարի 90-ականներին սեփականաշնորհված ու մինչև օրս չմշակվող հողերի տեղը:
Գրիշա Արշակյան (Մայիսյան բնակավայրի վարչական ղեկավար) - Ա՛յ էստեղ՝ ԱԷԿ-ի հարավային կողմը, կա շուրջ 200 հա չմելիորացված տարածք, ա՛յ էստեղ՝ հարավային կողմը, շուրջ 35 հա 90-ականներից սեփականաշնորհված է գյուղացիներին, բայց առ այսօր այդ հողերը չեն ջրվել, չեն մշակվել, և նման տարածք կա այս հատվածում՝ 45 հեկտար, մարդիկ գիտեն իրենց հողերը, բայց էլի ջրի բացակայության պատճառով:
Գյուղի 900 հեկտար մշակման ենթակա հողից շուրջ 280-ը հիմա ամայի են՝ ոռոգման ջուր չլինելու պատճառով: 15 հեկտարը ներդրողներն ուզում էին գնել՝ պիստակի այգի հիմնելու համար, բայց ծանոթանալով եղած խնդիրներին, դեռ չեն արձագանքել՝ ասում է Արշակյանը: Հիմա մտածում են օգտվել պետական աջակցության ծրագրերից, որ համայնքային ջրամբար կառուցեն, այդ դեպքում չմշակվող հողերը կոռոգեն կաթիլային համակարգով: Կառավարությունը փոփոխություններ է կատարել Հողային օրենսգրքում և հեշտացրել համայնքային ջրավազաններ կառուցելու գործընթացը: Հիմնականը հողերի կատեգորիաների փոփոխության բարդությունն էր: Դրանց համար պահանջվում էին ֆինանսական զգալի միջոցներ:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Միչև 100 հազար խմ ծավալով ջրավազանների կառուցման ընթացակարգը պարզեցվել է: Միաժամանակ, երբ փոխվում էր ջրային կատեգորիայի, առաջանում էին լրացուցիչ կադաստրային վճարներ, և երբեմն, կախված տեղադիրքից, այդ վճարները հասնում էին մինչև 100 հազար խորանարդ մետրի համար 25 մլն, 30 մլն դրամի, և այսօր այդ գումարը զրոյացվել է, և կարելի է շատ հեշտությամբ ջրավազան կառուցել՝ հեշտ ընթացակարգով:
Չոռոգվողից ոռոգելիի կատեգորիայի փոփոխությունն անվճար դարձնելուց բացի, Կառավարությունը պատրաստ է նաև մինչև 50 տոկոս փոխհատուցել ջրամբարաշինության ծախսերը: Փորձնական ծրագիրը կառավարությունը կիրականացնի Արմավիրի մարզի Բաղրամյան, Հայթաղ, Նորակերտ և Մայիսյան գյուղերում:
Մեկ այլ ծրագրով 2023-2025 թվականների ընթացքում Կառավարությունը Հայաստանի ամբողջ տարածքում կաջակցի հողերի միավորմանը: Դրա նպատակն է ստեղծել ավելի մեծ տնտեսություններ, նվազեցնել բերքի ինքնարժեքը, նաև կրճատել չմշակվող հողատարածքները՝ ապահովելով երկրի պարենային անվտանգությունը:
30-100 և 100-200 հեկտարի դեպքում ծախսերը մասնակի կփոխհատուցվեն, եթե կառուցվի ջրավազան կամ իրականացվի հողի մելիորացիա: 30-100 հեկտարի դեպքում միավորվող հողակտորներն առնվազն 10-ը պետք է լինեն, 100-200 հեկտարի դեպքում՝ 20-ը:
Հողերի միավորմանը խոչընդոտում է ոչ միայն ոռոգման համակարգի անմխիթար վիճակը, այլև առուվաճառքի, անվանափոխության, ժառանգություն ճանաչելու բարդ ու երկար գործընթացը: Ֆերմեր Արարատ Մորիկյանը խնդրին բազմիցս է բախվել, մինչև կարողացել է 30 հեկտար ինտենսիվ այգի հիմնել:
Արարատ Մորիկյան (ֆերմեր) - Ես հող գիտեմ, որ պապի անունով ա, թոռն ուզում ա էդ հողը ծախի: 5-6 երեխա ա ունեցել իրա պապը, կեսը՝ Ռուսաստան, կեսը՝ Ամերիկա, թուղթ, լիազորագիր՝ էդ ամեն ինչը պիտի հավաքվի, որ պապի հողը թոռներից մեկը կարողանա վաճառի:
Հողային առուվաճառքի շուկայում, օրինակ՝ սեփականատիրոջ անվան մեկ տառի սխալը նույնիսկ կարող է հեկտարներ չմշակելու պատճառ դառնալ:
Արարատ Մորիկյան - Անձնագրում, օրինակ՝ գրված ա Սուրեն, վկայականում գրված ա Սուրիկ, այդ հողը էլ չի վաճառվի: Կվաճառվի շատ մեծ բարդություններով, արդարադատության նախարարություն, արխիվ, արխիվներ նայել, որ համեմատեն, դեռ Սուրիկն էլ կարող ա պատահի Հայաստանում չի ապրում, արտասահմանում ա ապրում, էդ արդեն ավելի մեծ պրոբլեմ ա, ընդեղից թղթեր ուղարկել, եսիմ:
Ֆերմերի ռուսաստանաբնակ ընկերը ցանկանում է այս այգու հարևանությամբ հող գնել, ինտենսիվ այգի հիմնել, սակայն բախվում է փաստաթղթային խոչընդոտների: Հողերի վաճառքների հարցում, որ ո՛չ ներդրողը քաշքշուկների մեջ ընկնի, ո՛չ էլ հող վաճառողը, պետությունը պատրաստ է աջակցել փաստաթղթավորման հարցերում:
Արման Խոջոյան - Անհրաժեշտություն է առաջանում հենց իրավական կարգավիճակի ճշգրտումներ իրականացնել, այստեղ առաջանում են բազմաթիվ իրավաբանական խնդիրներ, և նաև պահանջում են ֆինանսական ռեսուրսներ:
Հայաստանում վարելահողերի շուրջ 50 տոկոսը այժմ չի օգտագործվում: Հողերի միավորման ծրագրի արդյունքում ակնկալվում է հողային շուկայի զարգացում, գյուղատնտեսությունում ներդրումների և զբաղվածների թվի ավելացում:
Պիլոտային չորս գյուղերում այսօր առկա է շուրջ 1400 հեկտար չօգտագործվող հող, ծրագրի իրականացումից հետո նախատեսվում է մշակել այդ հողերի 60 տոկոսը: