«Հրազդան» մարզադաշտում արդեն 9 տարի սպորտային մրցումներ չեն անցկացվում, տարածքն էլ չի օգտագործվում: Մարզադաշտը լավ վիճակում չէ, խոտածածկը վերացել է, նստարանները՝ հնացել, շրջակայքը աղտոտված է, դարպասներն էլ՝ փակ: 2003-ին մարզադաշտը սեփականաշնորհած Աշոտ Աղաբաբյանը համարում է, որ կառույցը կարելի է օգտագործել ֆուտբոլի, համերգների և թեթև աթլետիկայի համար:
Աշոտ Աղաբաբյան («Հրազդան» մարզադաշտի սեփականատեր) - Էն ժամանակ, քանի որ շատ ակտիվ էր ֆուտբոլը Հայաստանում, «Արարատ 73»-ը հա՛մ Սովետական Միության գավաթը տարավ, հա՛մ չեմպիոն դառավ, ակտիվ ֆուտբոլային երկիր էինք: Հիմա էդքան ակտիվ չենք, էսօր մեզ 30.000-ն էլ ա հերիք, մնացած մասերը մենք ուզում ենք օֆիսներ սարքենք կամ սարքենք օթյակներ, որոնց գները ֆուտբոլի ժամանակ բարձր կլինեն, ֆուտբոլ չեղած ժամանակ օֆիսի տակ կարան ծառայեն, փող բերող, ստադիոնին, փող բերող բիզնես ենք ուզում զարգացնենք, որ կարողանանք ստադիոնը պահել:
Մարզադաշտի լռությունն ամռանը խախտեց «Հայա» փառատոնը, որի շրջանակում արտասահմանյան երաժիշտները այցելեցին Հայաստան: Աշոտ Աղաբաբյանը մարզադաշտում համերգները ցանկանում է շարունակական դարձնել: «Հրազդանը» մարզական ու ժամանցային միջոցառումների համար օգտագործելու նրա պլանները, սակայն, իրագործելի չեն, քանի դեռ ներդրող չի գտել: Միայնակ, ասում է՝ այդ ամենը չի կարող անել:
Աշոտ Աղաբաբյան - Մենք կարողանանք վազքուղիները ռեզինից անենք, որ, ասենք, թեթև աթլետիկայի ֆեդերացիան, Ռոբերտ Էմմիյանը՝ Թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը, կարողանանք իրա հետ միասին ՖԻՖԱ-ից գումարներ բերենք, մենք էլ անպայման մասնակից ըլնենք թեթև աթլետիկայի, ասենք՝ էդ դառոժկաները վերապատրաստենք, էդ մարդիկ ունենան, ասենք՝ առաջնություններ անցկացնելու, միջազգային առաջնություններ անցկացնելու հնարավորություն:
Եթե անգամ ներդրող գտնի, իր ծրագրերն իրականացնելու համար սեփականատերը նախ՝ պետք է դիմի ԿԳՄՍ նախարարություն, քանի որ 2018 թվականին մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը կողմ քվեարկեց, որպեսզի յոթ կառույցի, այդ թվում՝ «Հրազդան» մարզադաշտին տրվի մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Սակայն հուշարձանների ցանկը հաստատում է Կառավարությունը, և մարզադաշտը դեռ պաշտոնապես չի ընդգրկվել այդ ցուցակում: Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող, նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտը ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանում է այդ կարգավիճակը՝ մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը: Անկախ փաստից, որ նորահայտները դեռ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում չեն, պահպանվում են նույն օրենսդրությամբ:
Հարություն Վանյան (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Ցանկացած շենք կամ հուշարձան համարվող պատմամշակութային օբյեկտը նորոգելու, ամրակայելու կամ որևէ փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է Գ դասի ճարտարապետի ներգրավմամբ, ովքեր որ ունեն հատուկ արտոնագիր հենց հուշարձանների վերականգնման նախագծեր իրականացնելու, լիազոր մարմնին՝ այս դեպքում ԿԳՄՍ-ին ներկայացնել համապատասխան ճարտարապետական նախագիծ, որը քննարկվում է արդեն նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստերին և ըստ դրա հավանության է արժանանում, կամ նախագիծը մերժվում է՝ կախված արդեն առաջարկից, հիմնավորումներից և նպատակահարմարությունից:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն ապահովում է հուշարձանների պահպանության և oգտագործման բնագավառի ֆինանսավորումը` պետական բյուջեով նախատեuված միջոցների հաշվին: Սակայն նույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում՝ սեփականատիրոջ կրած վնաuը փոխհատուցվում է oրենսդրությամբ սահմանված կարգով:
Հարություն Վանյան - Հաշվի առնելով հրատապ ամրակայման կարիք ունեցող հուշարձանների թիվը, որոնք պետական են, հետևաբար, առաջնային, շատ ավելի կարևոր ու վտանգված հուշարձաններ կան, որպեսզի պետությունը մասնավորի հուշարձաններով զբաղվի:
Հուշարձանը պահպանելու համար պետությանը նաև իրավունք է վերապահված այն ճանաչել հանրային գերակա շահ ու փոխհատուցման դիմաց մասնավոր գույքը դարձնել պետական սեփականություն: «Հրազդանի» հետ կապված նման մտադրություն, սակայն, Կառավարությունն այս պահին չունի:
Վերջին խաղը այս մարզադաշտում անցկացվեց 2013-ին՝ Հայաստանի և Դանիայի ազգային հավաքականների միջև։ Դրանից հետո, ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի սահմանած միջազգային չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով մարզադաշտի շահագործումը դադարեցվեց: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի փուլում՝ 2012 թ., մենք ընդգրկված էինք Իտալիայի հետ մի խմբում, և դրան ընդառաջ ՀՖՖ-ի ղեկավարությունը որոշեց ներդրում կատարել «Հրազդան» մարզադաշտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Արթուր Ազարյան (ՀՖՖ գլխավոր քարտուղար) - Մոտ մեկ տարի տևած շինարարական աշխատանքներից հետո մարզադաշտը լիովին պատրաստ էր և սպասարկեց Իտալիայի հետ հանդիպումը, ապագայում՝ Դանիայի հետ հանդիպումը, այնտեղ երիտասարդական հավաքականը երկու խաղ անցկացրեց: Բայց դրանից հետո էդ ամեն ինչը պահել էր պետք, ՀՖՖ-ն չէր կարող պահել, որովհետև դա մեր սեփականությունը չէր: Հետո սկսվեց այդ ամբողջ սնանկացման գործընթացը, և մարզադաշտը վերածվեց էն վիճակին, ինչը որ հիմա տեսնում եք:
Աշոտ Աղաբաբյանի ընկերությունը սնանկ ճանաչվեց 2015 թվականին, բայց պատմությունը սկսեց 2008-ից: «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերությունը HSBC բանկից 4.5 մլն դոլար վարկ վերցրեց՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին նախապատրաստվելու համար:
Աշոտ Աղաբաբյան - Հայտնվեցին Սերժ Սարգսյանն ու Հայրապետյան Ռուբիկը՝ ֆեդերացիայի նախագահն էր էն ժամանակ, եկան ստադիոնը գնելու, բանակցությունների: Ստեղ դուրսը որ կանգնած էինք, ասեցի՝ պարոն նախագահ, ուրիշ մարդ ըլնի՝ 30 միլիոնից պակասից չեմ վաճառի, բայց որ դուք եք, կեսը գոնե՝ 15 մլն, սենց: Նենց զարմացավ, ոնց որ արդեն Թուրքիան հարձակվել էր Հայաստանի վրա՝ շատ-շատ եք ասում, ասեցի՝ ուրեմն չեմ վաճառում, պարոն նախագահ: Երկու օր հետո Հարկայինը բուկվալնի մտավ ստադիոն ու սկսեց ժողովրդին քար ու քանդ անել, համոզել, թե գնացեք Ծառուկյան Գագոյի մոտ: Մի խոսքով, կործանվեցինք մենք ըտենց:
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի համոզմամբ՝ մեծ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի «Հրազդան» մարզադաշտում անցկացնել մեծ միջոցառումներ, օրինակ՝ պայմանական, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպում կամ, տեսականորեն՝ եվրագավաթային որևէ եզրափակիչ խաղի ընդունում Երևանում, սակայն այդ ամենը՝ սեյսմիկ հետազոտությունից հետո: Բայց, մյուս կողմից, Այվազյանն ասում է՝ այդպիսի համալիր հետազոտությունների և շինարարության ծախսերով հնարավոր կլինի նոր մարզադաշտ կառուցել:
Արթուր Ազարյան - Երբեմն նոր մարզադաշտ կառուցելը շատ ավելի մատչելի է և շատ ավելի էֆեկտիվ, քան հինը վերանորոգելը, որովհետև ինչքան էլ դա վերանորոգենք, ինչքան էլ դա կառուցենք, այսօրվա տենդենցներին միջազգային՝ մարզադաշտը չի համապատասխանելու:
1970-1971 թվականներին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված ու «Արարատ» ֆուտբոլային ակումբի հաղթանակների խորհրդանիշը դարձած «Հրազդան» մարզադաշտի ճակատագիրն այս պահին անորոշ է մնում:
Աշոտ Աղաբաբյանը սպասում է խոշոր ներդրողի՝ բանկի պարտքերը փակելու և նոր նախագիծ սկսելու համար, Ֆուտբոլի ֆեդերացիան 10 տարի առաջ որոշակի նորոգում է արել, հիմա նման ծրագրեր չունի, իսկ պետությունը թեև պատրաստվում է մարզադաշտը ընդգրկել պահպանվող հուշարձանների ցանկում, բայց կրկին՝ առանց մոտ ապագայում նորոգման հեռանկարի:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան