Տատյանա Ավանեսովա (ԵՊՀ հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող) - Առաջինը մենք գտել ենք այս մատանին, որը փորձել ենք մաքրել, բայց պատկերը գրեթե չի երևում: Այս դրամի հետ էր: Սա 12-րդ դարի շերտ է, բոլոր իրերը պատկանում են այդ ժամանակաշրջանին:
Ցուցադրված նմուշները հայտնաբերվել են պատմական Դվինում: 4-րդ դարում հիմնադրված նախկին մայրաքաղաքի պեղումներն այժմ իրականացնում են հայ և իտալացի մասնագետները: Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ գործող արշավախումբը հետազոտում է Մերձավոր Արևելքի երբեմնի ամենաընդարձակ և հարուստ քաղաքներից մեկի շուկայի տարածքը:
Համլետ Պետրոսյան (Դվինի հնագիտական արշավախմբի ղեկավար) - Այսօրվա եզրաբանությամբ՝ մենք այն կարող ենք անվանել առևտրահյուրանոցային համալիր: Դա նույնպես 50 մ երկարություն, 30 մ լայնություն, 32 զույգ սյուներ է ունեցել՝ բոլորը սրբատաշ, հիանալի խոյակներով և այլն: Այսինքն՝ այն մոնումենտալ ճարտարապետական կառույց է:
Պեղումներն իրականացվում են Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և Ֆլորենցիայի համալսարանի գործակցությամբ: Իտալական արշավախմբի ղեկավար Միքելե Նուչոտիի երաշխավորությամբ՝ աշխատանքներին մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները:
Էլիզա Պրունո (Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր) - Այս քաղաքը, տարածաշրջանը՝ որպես Արևելքն ու Արևմուտքը միացնող կետ, շատ կարևոր են ամբողջ Կենտրոնական Ասիայի պատմության համար: Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես և երբ է լքվել քաղաքը: Արդյոք դրանից հետո այստեղ մարդիկ ապրե՞լ են, թե՞ ոչ: Անձամբ ինձ համար Դվինը գեղեցիկ ու կատարյալ քաղաք է:
Համլետ Պետրոսյան - Մեր գործընկերները շատ լավ մասնագիտացված են հատկապես միկրոպեղումների վրա՝ մանրամասն շերտագրություն, ժամանակագրություն, նկարագրություն: Մենք ավելի ընդարձակածավալ պեղումներն ենք իրականացնում, և այդ երկուսի համադրությունը շատ մեծ արդյունքներ է տալիս:
Հարյուրամյակներ հողի տակ եղած նյութական մնացորդների ստույգ ժամանակագրությունը հասկանալու համար համատեղ արշավախմբի անդամները դրանք ուղարկում են Ֆլորենցիա՝ մանրամասն հետազոտության, որից հետո զարդերն ու հախճապակե իրերը կվերադարձվեն ու կհամալրեն թանգարանային նմուշների շարքը:
Համլետ Պետրոսյան - Շուտով Համաշխարհային բանկի աջակցությամբ կառուցվելու է Դվինի նոր թանգարանը և հանգրվանը: Դվինն ունի շատ հարուստ հավաքածու նախկին թանգարանից, և մենք փորձելու ենք արդեն նաև զբոսաշրջային բիզնեսի բաղկացուցիչն ավելի զարգացնել:
Դվինում այս տարվա պեղումների ավարտին տարածքը կպատվի պաշտպանիչ հատուկ միջոցներով՝ մինչև 2023-ին աշխատանքների մեկնարկը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան