Քաղաքային իշխանությունը բարեկարգում է կենդանաբանական այգին, համապատասխանեցնում միջազգային ստանդարտներին:
Աշոտ Ասլանյան (Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն) - Փղերի պահելու խնամքի պայմանները շատ խիստ կանոնակարգվում են միջազգային բոլոր կառույցների կողմից, այսինքն յուրաքանչյուր փղին անպայման պետք է բաժին հասնի որոշակի մակերեսով փակ տարածք՝ ձմեռանոցի ձևով, և բաց տարածք՝ ազատավանդակի ձևով: Մեր փիղն ունի բոլոր նորմերին համապատասխանող և՛ փակ տարածք, և՛ ազատավանդակ, սակայն երկրորդ փղի համար դա արդեն քիչ է:
Գարնանը շինարարությունը կսկսեն, և չի բացառվում, որ հենց հաջորդ տարի էլ Կենդանաբանական այգու միակ փիղը՝ Բունկան, վերջապես ընկերուհի կունենա և ընտանիք կկազմի: Այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի խոսքով՝ երկու փղերն էլ կունենան և՛ բաց ազատավանդակներ, և՛ փակ ձմեռանոցներ:
Այգում լուծվում է ոռոգման, խմելու ջրի հարցը, առաջին անգամ կկառուցվի միասնական կոյուղի:
Աշոտ Ասլանյան - Կոյուղու համակարգի բացակայությունը նման հիմնարկի համար, ինչպիսին կենդանաբանական այգին է, շատ մեծ խնդիրներ է առաջացնում՝ մաքրությունը, պահելուց սկսած սանիտարահիգիենիկ պայմանները:
Աֆրիկյան ջայլամներ, ամուրյան վագր, գենետա, պսակակիր կռունկներ, ավստրալական շիկամոխրագույն կենգուրուներ. Կենդանաբանական այգու նոր բնակիչներն են: Այս կենդանատեսակները բերվել են աշխարհի տարբեր երկրներից: Նվեր են միջազգային գործընկերներից: Եվրոպական եղնիկներ, հայկական մուֆլոններ, բեզոարյան այծեր, աֆրիկյան առյուծ, կարմրագլուխ սուզաբադ. այս կենդանատեսակներն էլ տարվա ընթացքում ձագեր են ունեցել:
Այս առյուծն անսպասելի ծնունդների շարքից է: Կենդանաբանական այգու բոլոր առյուծներին մասնագետները ստերջացրել են, որ չբազմանան՝ առանց այն էլ շատ են: Արու առյուծի վրա չիպավորումը չի ազդել, և ծնվել է Աֆինան: Նա 7 ամսական է և արդեն ցուցադրվում է: Համալրումերին զուգահեռ կենդանաբանական այգում եղել են նաև անկումներ: Հիմնականում տարեց կենդանիներ են անկել՝ հիմալայան սև արջ, 35-ամյա պոնի...
Հարություն Հովհաննիսյան (Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ) - Որոշակի փոփոխություններ կատարվեցին՝ կապված կերի որակի, պահելաձևի փոփոխությունների հետ և այլն, և այլն, որը բերեց կենդանիների առողջական վիճակի կտրուկ բարձրացման և անկումների քանակի կտրուկ իջեցման: Մենք շեշտադրված ենք հիմնականում բազմացնել կարմիրգրքյան և էնդեմիկ, տեղի բնության մեջ ապրող կենդանիներին:
Ըստ Կենդանաբանական այգու փոխտնօրենի՝ հավաքածուն նվազել է, նոր համալրում հաճախ չեն ունենում, քանի որ պայմանները թույլ չեն տալիս: Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է այգուն կից ժայռին նոր՝ մեծ ազատավանդակ կառուցել: Ծրագիրը նախագծման փուլում է: Թե որքան կծախսվի՝ դեռ հայտնի չէ:
Աշոտ Ասլանյան - Ժայռերը լինելու են ազատավանդակի հետին պատը, և ազատավանդակն ունենալու է մի քանի հազար ք. մ ընդհանուր մակերես, որտեղ նախատեսվում է խնամել, ունենալ աֆրիկյան մի քանի տեսակ՝ ջայլամներ, զեբրեր, անտիլոպներ, և ես շատ մեծ հույս ունեմ՝ նաև ընձուխտներ:
Եկող տարի աֆրիկյան ջայլամների նոր սերունդ է նախատեսվում: Սպասելիքներ կան նաև կարապներից, սև, սպիտակ, գառնանգղերից ու գիշանգղերից: