ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները երևանյան վերջին հանդիպման շրջանակում համաձայնեցրել են են միության լրացուցիչ ձևավորված բյուջետային միջոցների հաշվին արդյունաբերական կոոպերացիայի արտոնյալ ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմի վերաբերյալ մոտեցումները: Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այդ քայլը որակում են բեկումնային, քանի որ այսուհետ ԵԱՏՄ-ում առավել հեռանկարային բազմակողմ նախագծերը կստանան էական ֆինանսական աջակցություն։
Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար) - Այս որոշումը թույլ կտա էապես ավելացնել կառավարությունների աջակցությամբ իրականացվող ինտեգրացիոն նախագծերի թիվը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, միության անդամ երկրներում տնտեսության նոր ոլորտների ձևավորմանը: Այն բիզնեսին հնարավորություն կտա որոշակի կոոպերացիոն պայմանների պահպանման դեպքում ներգրավել միության երկրների բանկերի և հիմնադրամների ռեսուրսները, ստանալ տոկոսադրույքի սուբսիդավորում ԵԱՏՄ կողմից։
Խոսքը, մասնավորապես, միության միջազգային և ազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մասին է։ Ըստ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծության՝ Հայաստանը էականորեն մեծացրել է կոոպերացիոն ապրանքների առևտրի ծավալները:
Բոլոր անդամ երկրների արդյունաբերական ձեռնարկությունները ունեն հավասար հնարավորություններ, ամեն ինչ կախված է կոնկրետ նախագծերից, որոնք կներկայացվեն ֆինանսավորման համար: Մեծ կլինի ուշադրությունը ռազմավարական կարևոր ոլորտների նկատմամբ՝ ավիաշինություն, միկրոէլեկտրոնիկա, դեղագործություն, հաստոցաշինություն, մեքենաշինություն։
Արտակ Քամալյան - Հայաստանն ավանդաբար ուժեղ է արդյունաբերական մի շարք ճյուղում, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկայի, որտեղ բավականին մեծ ներուժ կա: Կարևոր է, որ առաջարկվող նախագիծը լինի նորարարական, ստեղծի հավելյալ ինտեգրացիոն արտադրանք, իսկ գործընթացում ներգրավված լինի առնվազն երեք երկիր: Ես խորհուրդ կտայի հայ գործարարներին՝ ուշադրություն դարձնել նաև էներգետիկայի զարգացմանը՝ «կանաչ օրակարգի» շրջանակում։
Հայաստանում էլեկտրամոբիլների արտադրությունը կարող է բավականին հեռանկարային լինել՝ վստահ են ԵՏՀ-ում: Հանձնաժողովն այժմ մշակում է միության շրջանակում էլեկտրամոբիլների զարգացման ընդհանուր հայեցակարգ: Նախագծերի ֆինանսավորման աղբյուրը լինելու են անդամ պետությունների ամենամյա ներդրումները։
Արտակ Քամալյան - Ներդրումները լողացող հաշվարկային արժեք են, բայց, ըստ նախնական հաշվարկների, դրանք թույլ կտան ձևավորել սուբսիդավորման հիմնադրամ տարեկան մոտ 19-20 միլիոն դոլարի չափով և, համապատասխանաբար, նախագծերին տարեկան աջակցել մոտ 16-17 միլիարդ ռուբլու չափով։
ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների մշակումը թույլ կտա խթանել ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական արտադրանքի աճը, լուծել անդամ պետությունների կայուն տնտեսական աճի ռազմավարական խնդիրը, ինչպես նաև հիմք կհանդիսանա բարձր ավելացված արժեք ունեցող նորարարական արտադրանքի ստեղծման համար։