Գետաշենի ագրոդպրոցը՝ բակից մինչև լաբորատորիա ու դասարան, ձևավորված և կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Կրթօջախի միակ բացը ֆիզիկապես քայքայված ու չջեռուցվող մարզադահլիճն էր, որտեղ դաս անելը ռիսկային էր: Բայց հիմա դպրոցը միջազգային չափանիշներով կառուցված մարզադահլիճ ունի: Նոր ու բարձրակարգ պայմաններում երեխաները նույնիսկ բասկետբոլի թիմ են ձևավորել, միջհամայնքային առաջնություններ են կազմակերպում:
Մարզադահլիճը կառուցվել և կահավորվել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և Ախոյան ընտանիքի միջոցներով: Պետությունն էլ օգնել է մարզագույք ձեռք բերել: Իսկ վերջերս «Այգ» հիմնադրամը բազմաֆունկցիոնալ մարզադաշտ կառուցեց՝ հնարավորություն տալով ֆիզկուլտուրայի դասերն անցկացնել նաև բաց երկնքի տակ՝ մաքուր օդում:
Գևորգ Մուքոյան (Գետաշենի դպրոցի տնօրեն) - Դրսինը համարվում է բազմաֆունկցիոնալ, որովհետև թույլ է տալիս մեծ թենիսի, վոլեյբոլի, բասկետբոլի, ֆուտբոլի դասաժամերի աքսեսուարները շատ արագ փոխելով դասերն անել:
Դպրոցի աշխատակազմն էլ աղբի կառավարման ծրագրով կոշտ թափոններից մարզադաշտին կից սանհանգույց պատրաստեց: Իսկ հիմնադրամը հանդերձարաններ կառուցեց հենց դրսում, որ զգեստափոխվելու համար երեխաները ներսուդուրս չանեն:
Նարեկ Ենոքյան (ֆիզկուլտուրայի ուսուցիչ) - Ունենք բացօթյա հանդերձարաններ՝ տղաների և աղջիկների համար առանձին, գույքի համար առանձնացված սեյֆ ունենք:
Ներսում թե դրսում՝ բոլոր պայմանները կան: Երեխան ինքն է ընտրում՝ որտեղ անցկացնի ֆիզկուլտուրայի դասերը: Գետաշենցի դպրոցականը նաև գիտի՝ եթե կրթօջախի գործընկեր կազմակերպություններն ինչ-ինչ ծրագրով աջակցում են իրենց, իրենք էլ պետք է մասնակցություն ունենան:
Գևորգ Մուքոյան - Դպրոցը որոշակի մասնաբաժնով բոլոր ծրագրերին մասնակցում է իր ռեսուրսներով: Ռեսուրսները պարտադիր չէ՝ լինեն ֆինանսական. կարող են լինել, ասենք՝ աղբի կառավարման արդյունքում խնայած միջոցներից կամ իրերին երկրորդ կյանք տալուց. այս ամենը նորի հետ համատեղելով՝ ստացվում է հրաշալի միքս:
Այս դպրոցում ոչինչ չի թափվում. փափուկ աղբից բիոհումուս են ստանում, իսկ կոշտ թափոնները վերամշակում, օգտագործում են նոր գաղափարները կյանքի կոչելու համար: Բացօթյա դասարանն ու խաղահրապարակը հին կաթսայատան ջարդոններից են ստացել: Համալրում անելու նոր մտքեր ունեն նաև մարզադաշտում: Գետաշենի դպրոցում ոչ միայն երազում, այլև համառորեն ձգտում են իրականացնել երազանքները: