«Տիտան ՕԻԼ»-ի՝ Երևանի Փափազյան-Քոչար խաչմերուկում գտնվող այս բենզալցակայանը շահագործվում է խախտումներով՝ օրերս հայտարարեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Ստուգել-պարզել են․ հրդեհավտանգ օբյեկտը կայծակից շանթարգել չունի, կառույցի վերևով էլեկտրական լարեր են անցնում, վթարային ազդանշանը միացած չէ ԱԻՆ-ին և ամենակարևորը՝ հեղուկ վառելիքի պահեստարանը վերգետնյա է, այնինչ մայրաքաղաքում դա պարտադիր պետք է ստորգետնյա լինի։ Թույլ չեն տա այդպես շարունակի աշխատել՝ ասում է տեսչականի ներկայացուցիչը։
Ելենա Զոհրաբյան (ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Հաշվի առնելով արձանագրված խախտումները և ղեկավարվելով օրենքով՝ ՏՄ ղեկավարը կայացրել է տվյալ հասցեում «Տիտան օիլ»-ի կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեության դադարեցման որոշում, տնտեսվարողին տրվել է ժամանակ, որ որոշման ստացման պահից 2-օրյա ժամկետում դատարկի պահեստարանի հեղուկ վառելիքը:
Տեսչականից որոշում չեն ստացել, միայն ակտ, ինչի հիման վրա չեն պատրաստվում ո՛չ բենզինի հորերը դատարկել, ոչ էլ դադարեցնել լցակայանի գործունեությունը՝ հեռախոսով մեզ տեղեկացրեց «Տիտան Օյլ»-ի հիմնադիր տնօրենը։ Պնդում է՝ խնդիրը անուղղակիորեն կապված է հարակից տնտեսվարողի բողոքների հետ։
Վարդան Օնանյան («ՏԻՏԱՆ ՕԻԼ» ընկերության հիմնադիր տնօրեն) - Ինչի՞ համար փակեմ, փակեմ, որ շինթույլտվությո՞ւն տան: Ոչ մի բան ինձ չեն ասում։ Ասում են՝ փակի, քանի որ «Մոլը» բողոքում է: Նպատակ չունեմ փակելու, պետք է ամեն ձևի պայքարեմ, դիմեմ դատարան, կասի դատարանը փակի՝ կփակեմ:
Օնանյանը չի ժխտում, որ լցակայանը խախտումներ ունի։ Ասում է՝ թող չփակեն, այլ ժամանակ տան՝ շտկի ամբողջը։ Ընդ որում՝ ուզում է շինթույլտվությունը տեսչության աջակցությամբ արագ ստանալ, որ ստիպված չլինի ամիսներով սպասել փաստաթղթին։ Չէ՞ որ մեղքը միայն իրենը չէ․ լիցենզիա տվողները տարիներ շարունակ նույն այդ խախտումների վրա ինչո՞ւ էին աչք փակել՝ հարցնում է։
Վարդան Օնանյան - Ինչ վերաբերում ա հորերին՝ ստացվում է՝ մենք 28 տարի ապօրինի գործել ենք, պետությունը մեզնից շուրջ 28 տարի ապօրինի լիցենզիայի փող է վերցրել, փորձաքննության, հրդեհային փորձաքննություն ենք անցել, հիմա նոր խախտում ենք արել․․ խնդիր չկա: Ունենք, հա, ունենք, տվեք էդ թույլտվությունը, 10 օր էլ ժամանակ տվեք․.․ Մեղավոր եմ՝ ակտս գրեք, թողեք, ես հատ-հատ շտկեմ, պետք ա շանթարգել սարքեմ՝ սարքեմ, պետք ա հորերը ստորգետնյա սարքել՝ սարքեմ, բայց դա դրա համար պետք է շինթույլտվություն:
Բիզնեսի թերացումը կոծկած և խախտումներով լցակայանին շահագործման դրական եզրակացություն տված ԱԻՆ-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ մեկնաբանում են տեսչական մարմնից։ Ինչ վերաբերում է գործարարի կասկածներին, թե այլ տնտեսվարողի դրդմամբ են իրենց լցակայան այցելել, վստահեցնում են՝ տվյալ ընկերությունը 30 այլ բենզա- և գազալցակայանների հետ ընդգրկված է տարեկան ստուգումների ցուցակում։
«Տիտան ՕԻԼ»-ի Քոչար-Վաղարշյան լցակայանի համար նույնպես Տեսչական մարմինը գրություն-միջնորդություն է ուղարկել Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով դադարեցնել բենզինի մանրածախ առևտրի համար տնտեսվարողին տված թույլտվությունը։