Աշխարհում մեծահարուստների թիվը այս տարվա առաջին կիսամյակում նվազել է: Wealth-X հետազոտական ընկերությունը հրապարակել է 30 միլիոն դոլարից ավելի կարողություն ունեցող մարդկանց մասին հերթական զեկույցը: Ըստ ուսումնասիրության՝ նրանց թիվն այս պահին 392 հազար 410 է, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 11 տոկոսով էլ կրճատվել է նրանց կարողության չափը՝ կազմելով 41.8 տրլն դոլար: Հետազոտողներն այս իրավիճակը պայմանավորում են համաշխարհային տնտեսության խնդիրներով և Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններով։ Ամենազգալի անկումը գրանցվել է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ կենտրոնացած է 30 միլիոնից ավելի կարողություն ունեցողների 34,3%-ը: Առաջին կիսամյակում նրանց թիվը նվազել է 9,7 տոկոսով: Ասիայում, որտեղ մեծահարուստների 29.6 տոկոսն է, նրանց թիվը նվազել է 3.9 տոկոսով: Եվրոպայում ապրում է աշխարհի միլիոնատերերի 25,6%-ը. այստեղ կրճատումը կազմել է 6,9%:
Կարեն Զաքարյան (Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Տեխնոլոգիական մեծ փուչիկ էր փչված վերջին տարիներին, ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ոլորտը շատ արագ առաջ էր գնում, հիմա, երբ որ հանդիպել են ճգնաժամային իրավիճակի, էնտեղ մեծ վերադասավորումներ են գնում, խոշոր ՏՏ ընկերություններում մեծ կրճատումներ են գնում, մի խոսքով՝ մենք մեծ փոփոխությունների շեմին ենք:
Այս տարվա առաջին կիսամյակում մուլտիմիլիոնատերերի թիվն աճել է Մերձավոր Արևելքում՝ 7,4 և Լատինական Ամերիկայում՝ 5,1 տոկոսով։ Ըստ հետազոտողների՝ պատճառն այն է, որ այս տարածաշրջանների զարգացող երկրներում միլիոնատերերի մեծ մասը կապված է օգտակար հանածոների, այդ թվում՝ նավթի և գազի արդյունահանման և վաճառքի հետ։
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները ենթադրում են, որ նաև հարստության վերաբաշխում պիտի լինի, որովհետև էդ հարստությունը անսպառ կամ անփոփոխ բան չէ, գումարած՝ վերաբաշխվում է մի անձից մյուսին կամ մի ոլորտից մյուսն է գնում:
Միլիոնատերերի թվով աշխարհի երկրների առաջատար տասնյակի 9 երկրում մեծահարուստների թիվը նվազել է: Միակ բացառությունը Չինաստանն է՝ առաջին կիսամյակում մուլտիմիլիոնատերերի թիվն այնտեղ աճել է 2,3 %-ով:
Կարեն Զաքարյան - Չինաստանը դեռ չի հասել միլիոնատերերի էն պիկին, որից հետո իրենց մոտ էլ անխուսափելիորեն պետք է նկատվեին էդ վերադասավորումները: Հավանաբար, էնտեղ էլ կան վերադասավորումներ, ուղղակի էնտեղ նոր միլիոնատերերն ավելի արագ են ի հայտ գալիս, քան նախորդները կորցնում են իրենց կարողությունը:
Հայաստանում բարձր տնտեսական աճը հիմնականում դրական է ազդել մեծ կարողություն ունեցող գործարարների վրա, չնայած, մասնագետների կարծիքով, համաշխարհային գործընթացներից նրանք ևս անմասն չեն մնալու:.
Էդգար Աղաբեկյան - Մենք տեսնում ենք բավականին բարձր աճով ֆինանսական բանկային համակարգ, սպասարկման ոլորտ, էսօր ունենք արտահանող ոլորտներ, որոնք շարունակ բարձր եկամուտներ էին ապահովում, հիմա դժգոհություն ունեն՝ կապված դոլարի փոխարժեքի հետ:
Wealth-X-ի հետազոտության համաձայն՝ միլիոնատերերի նվազում է նկատվել նաև աշխարհի խոշորագույն քաղաքներում: Միակ բացառությունը Լոնդոնն է, որտեղ նրանց թիվը, հակառակ միտումներին, ավելացել է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան