Ամեն տարի՝ աշնան այս շրջանում, «Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսում է ֆոնետոնը: «Զարգացնենք հնարավորությունները». այս խորագրով հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը նոյեմբերի 17-20-ը դրամահավաք է իրականացում՝ տասնյակ կամավորներ արդեն երրորդ օրն է՝ պատասխանում են հեռախոսազանգերին, ներկայացնում հիմնադրամի ծրագրերն ու առաջարկում միանալ դրամահավաքին:
Պետրոս Թերզյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ) - Այս տարի մեր ծրագրերը կենտրոնացած են սահմանամերձ գյուղերի վրա, Հայաստանի մեջ՝ Սյունիք, Տավուշ, հուսով ենք՝ Գեղարքունիք, նաև Արցախի մեջ: Ավելի զարկ կտանք գյուղատնտեսական ծրագրերին՝ գյուղացիների կարիքները հոգալու, օգտակար լինելու համար:
Այս տարիների ընթացքում հազարավոր գյուղացիներ օգտվել ու օգտվում են հիմնադրամի տրամադրած սարքավորումներից, իրականացված ծրագրերից՝ սերմերի տրամադրումից մինչև ջերմատների հիմնում, արևային պանելների տրամադրում:
Պետրոս Թերզյան - Մեր ծրագրերի տարողությունը ուղղակիորեն կապ ունի այս դրամահավաքի՝ ֆոնետոնի արդյունքների հետ: Որքան արդյունքները մեծ եղան, այդքան մենք կարողություն կունենանք հավելյալ ծրագրեր իրագործելու և այլ ընտանիքներին ձեռք մեկնելու համար:
Ֆոնետոնի այս տարվա հովանավորները կամ ինչպես հիմնադրամում են նրանց կոչում՝ կնքահայրերը Ժան-Կրիստոֆ Բյուիսոնն ու Սիլվեն Տեսոնն են, որոնք երկար տարիներ արել են հնարավորը՝ Հայաստանի ձայնը լսելի դարձնելու համար:
Ժան-Կրիստոֆ Բյուիսոն (Ֆոնետոն 2022-ի աջակից) - Ֆրանսիայում մենք ցանկանում ենք օգնել Արցախին և Հայաստանին, Արցախի հայերին, որոնք մշտական վտանգի մեջ են: Եվ որպեսզի նրանք մնան իրենց հողում, անհրաժեշտ են միջոցներ, նվազագույն անվտանգություն, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն:
Ֆոնետոնի նպատակն է բարձրացնել սահմնամերձ բնակավայրերի կենսունակությունը: Գյուղատնտեսական ծրագրերից զատ նախատեսում են հավաքված գումարով իրականացնել նաև կրթական ու առողջապահական ծրագրեր:
Սիլվեն Տեսոն (Ֆոնետոն 2022-ի աջակից) - Ես ուզում եմ օգնել այն հայերին, որոնք ցանկանում են վերադառնալ և ապրել իրենց հողում՝ չնայած կրկնվող ագրեսիային: Ես կարծում եմ, որ սա իրավամբ դիմադրության և մարդկային քաջության դրսևորում է: Բայց իրենց հայրենիքում ապրելու, այն վերակառուցելու համար նրանց ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:
Ակտիվությունն այս տարի գոհացնող է՝ արձանագրում է Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: 3 օրերի ընթացքում հանգանակվել է 1 մլն 230 հազար եվրո, որը նախորդ տարվա ցուցանիշին արդեն իսկ 15 տոկոսով գերազանցում է: