Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրականացրել են «Հվասոն-17» տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում՝ հայտնում են լրատվամիջոցները:
Ճապոնիայի տվյալով՝ հրթիռը կոր հետագծով անցել է մոտ 1000 կմ՝ 6 հազար կմ առավելագույն բարձրությամբ և ընկել Հոկայդո կղզուց 200 կմ արևմուտք՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում։ Ծագող արևի երկրի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ ուղիղ հետագծով արձակվելիս նման հրթիռը կարող է թռչել ավելի քան 15 հազար կմ և հասնել մայրցամաքային ԱՄՆ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է եղել հրթիռի փորձարկմանը կնոջ և դստեր ուղեկցությամբ: Հարավկորեական Yonhap գործակալությունը գրում է, որ ԿԺԴՀ առաջնորդի դուստրն առաջին անգամ է երևացել երկրի պետական լրատվամիջոցներում:
«Եթե թշնամիները շարունակեն սպառնալ մեզ՝ միջուկային հարվածային միջոցներ տեղակայելով տարածաշրջանում, ապա մեր կուսակցությունը և կառավարությունը միջուկային զենքին վճռականորեն կպատասխանեն միջուկային զենքով»,- հայտարարել է Կիմը իր ելույթում: