Վարուժան Ավետիսյանը մշտապես գտնվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» բժշկական անձնակազմի հսկողության տակ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, քրեակատարողական հիմնարկում կատարված ընդունելության ժամանակ Վ. Ավետիսյանը ներկայացրել է, որ երեկ երեկոյան է ունեցել գանգատ ինքնազգացողության հետ կապված, որն այս պահին անցել է, և ըստ դատապարտյալի` ներկա պահին որևէ դեղորայքի կարիք չունի: Դատապարտյալը ներկայացրել է նաև որոշակի գանգատներ առողջական վիճակի հետ կապված, որոնք, վերջինիս խոսքով, կրում են մշտական բնույթ:
Նախորդ ընդունելության ժամանակ վերոնշյալ գանգատները չներկայացնելու վերաբերյալ դատապարտյալը պարզաբանել է, որ գանգատի բնույթից ելնելով՝ կարևորություն չի տվել:
Զննության արդյունքում արձանագրված հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմանում։ Վ.Ավետիսյանը ենթարկվել է մի շարք հետազոտությունների: Վերջիններիս արդյունքներից ելնելով՝ ըստ անհրաժեշտության կորոշվի բուժման հետագա ընթացքը։
Ներկա պահին Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է: