ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնել «Տարվա լավագույններ 2022» մրցույթում հաղթող ճանաչված ուսուցիչներին:
«Տարվա լավագույններ 2022» մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 185 հայտ. հաղթող է ճանաչվել 22 ծրագիր, որում ընդգրկված է 33 մանկավարժ:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ուսուցիչներին և վստահեցրել, որ ՀՀ Կառավարությունը մեծ տեղ է հատկացնում կրթությանն ու ուշադրություն դարձնում դրա բովանդակությանը:
Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել նաև «Տարվա լավագույններ» մրցույթի գնահատող հանձնաժողովի անդամներին՝ ստանձնած գործին պատասխանատվությամբ մոտենալու և անաչառության սկզբունքով լավագույններին ընտրելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է հաղթողներին, շնորհակալություն հայտնել ցուցաբերած ակտիվության համար և առանձնահատուկ շեշտել, որ այս տարի, բացի հանրակրթական ուսումնական հաստատություններից, մրցույթին ակտիվ մասնակցել են նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, որը ոգևորող է, քանի որ հենց այդ ոլորտում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ:
«Տարվա լավագույններ» մրցույթի 185 հայտերը ներկայացվել են հետևյալ անվանակարգերում՝
-
«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 144 հայտ, հաղթող է ճանաչվել 14 ծրագիր.
-
«Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 3 ծրագիր.
-
«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 14 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր.
-
«Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 8 հայտ, հաղթող է ճանաչվել 2 ծրագիր.
-
«Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 4 հայտ: Այս անվանակարգում ոչ մի ծրագիր հաղթող չի ճանաչվել.
-
«Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացվել է 1 հայտ, հաղթող է ճանաչվել 1 ծրագիր:
«Տարվա լավագույններ» մրցույթի ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել շուրջ 11 մլն դրամ, որը բաշխվել է բոլոր հաղթողների միջև:
Հաղթող ճանաչված 22 ծրագրային առաջարկներից 11-ը եղել է անհատական, 11-ը՝ խմբային: Գնահատման համար սահմանված էր նվազագույն շեմ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ սկսած 63%-ից, նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար՝ 59%-ից: