ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) և Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:
Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են՝
ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը.
մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման և հարմարեցման նպատակներն իրագործելու համար։